«Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի»՝ նախկին «Ինտերնյուզի» հերթական մեդիա-տուրը լրագրողներին տարավ Վարդենիս, որտեղ հանդիպում կազմակերպեց հաշմանդամություն ունեցող երեխաներով զբաղվող կենտրոնի տնօրենի և շահառուների հետ։
«Աստղավարդ» կազմակերպությունը գործում է 2003-ից, նպատակ ունի նպաստել երեխաների առողջության ամրապնդմանը, փորձում է լուծել կրթության և աշխատանքի ապահովման խնդիրները։ Կենտրոնը հիմնել և տնօրինում է Մելանյա Եփրեմյանը, ում թոռները հաշմանդամություն ունեն։ Կինը ստիպված էր ամեն անգամ նրանց Երևան հասցնել, երբ մի պահ որոշեց, որ Վարդենիսում նույնպես կարելի է հաշմանդամություն ունեցող երեխաների համար աջակցման ծրագրեր իրականացնել։ «Աստղավարդի» այցելուներն են վարդենիսցիները և հազվադեպ դեպքերում հարակից գյուղերի երեխաները:
Կենտրոնի խնդիրները հաճախ պայմանավորված են ֆինանսական միջոցների բացակայությամբ․ ծնողների և հովանավոր կազմակերպությունների աջակցությունը կայուն չէ։
Քաղաքապետարանը անհատույց շենք է տրամադրել 50 տարով, սակայն մինչ այսօր լուծված չէ տարածքի ջեռուցման խնդիրը, ինչի պատճառով ձմռանը գրեթե ոչ մեկ երեխային չի տանում կենտրոն։ Շենքը տաքացվում է ծնողների միջոցով և ոչ միշտ։ Այդ հարցով իրենք դիմել են մարզպետարան, որտեղից պատասխանել են, թե «միջոցները չեն հերիքում»:
Տնօրենի խոսքերով՝ շատ մեծ խնդիր է նաև բազմաթիվ ընտանիքներին համոզել, որ ամոթ չէ հաշմանդամ երեխային տանից դուրս հանելը, կենտրոն բերելը։
«Աստղավարդի» թիմը կամավորականներ են՝ աշխատավարձ չեն ստանում։
«Իհարկե, շատ քչերն են պատրաստ բարձրագույն ստանալուց հետո աշխատել մի այնպիսի տեղ, որտեղ քեզ ոչ մեկ չի վճարում քո աշխատանքի դիմաց: Բայց երբ զգում ես այս երեխաների հասարակության մեջ մտնելու կարևորությունը, միանշանակ, գալիս ես այստեղ աշխատելու», – ասել է հոգեբան Անի Բարսեղյանը։
Կենտրոնում հանդիպեցինք Ալիկ և Ավիկ Հոխանյաններին, ովքեր հենաշարժական խնդիրներ ունեն։ Երեք տարի առաջ նրանք ավարտեցին դպրոցը և այժմ սովորում են Վարդենիսի պետական քոլեջում։ Երկու հաստատություններում էլ իրենց համար ազատ տեղաշարժվելու, հարկից հարկ բարձրանալու հարմարանքներ չկային և հիմա էլ բացակայում են։