Հայաստանի քրեակատարողական համակարգին վերաբերող 2018-2038 թթ. ռազմավարության ծրագրում մի շարք կետեր մտահոգիչ են։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունցած քննարկման ժամանակ հայտարարել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։
Նա նշել է, որ իրենցից իրականում ակնկալում են քննադատություն, բայց իրենց նպատակը ոչ թե ինքնանպատակ քննադատությունն է, այլ՝ մտահոգությունը, թե արդյոք այս ռազմավարությունն իրապես կիրականացվի՞ կամ ձևակերպված խնդիրները իրականություն կդառնա՞ն։
Իրավապաշտպանի գնահատմամբ՝ ներկայացված ծրագրի երկարաժամկետ լինելը ստիպում է մտածել նաև ծրագրի հավակնոտ լինելու մասին։
«Ինչքանո՞վ ենք երաշխավորված, որ ծրագիրը շարունակականություն կունենա, քանի որ մեր պետական կառավարման պրակտիկան հուշում է, որ երբ փոխվում են նախարարները, ցավոք սրտի, փոխվում են նաև որոշ ակցենտներ։ Բացի դա, ծրագրում խնդիրների այն շարքին, որը ներկայացվում է և որի հիման վրա հիմնավորվում են ուղղությունները, կոռուպցիոն դրսևորումների վերլուծություն չի տրվել»,֊ ընդգծել է իրավապաշտպանը։
Սաքունցի խոսքով՝ չպետք է անտեսել, որ ռազմավարության նկատմամբ վստահության կարևոր ցուցանիշներից մեկը ֆինանսական գնահատումն է, որը հնարավորություն կտա հասկանալ՝ պետական բյուջե՞ն է հանդիսանում աղբյուր, թե այլ դոնորային ներդրումներ են արվել։
Քննարկմանը մասնակցող ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի խոսքով՝ այս ծրագրի առանցքային փոփոխությունը կայանում է նրանում, որ իրենք չեն ֆիքսվելու այն խնդիրների վրա, որոնք կարճաժամկետ են և չեն բխում գլոբալ բարեփոխումներից, հակառակը, այժմ իրականացվելու է երկարաժամկետ պլանավորում։
«Քրեակատարողական համակարգում մենք ունենք ծառացած խնդիրներ, որոնք տարիներ ի վեր եկել և պահանջում են բացի քաղաքական կամքից, օրենսդրական փոփոխություններից նաև լուրջ ֆինանսական ներդրումներ։ Այդ պատճառով հանձնարարվել է մշակել հաջորդ տարիների համար մեր տեսլականը, որտեղ կլինեն և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ լուծումներ»,֊ ասել էր Քրմոյանը՝ նշելով, որ այս ամենի իրականացման հիմքում կա մեկ սկզբունք, այն է՝ քրեակատարողական համակարգը պետք է հստակ ապահովի պատժի նպատակների իրականացում։
ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանի դիտարկմամբ՝ այս ծրագրի հետ կապված կարևոր է նաև գործողությունների ժամկետների հստակեցումը։
«Ռազմավարության տեսակետից մի խնդիր կա, որ կարելի է արձանագրել։ Այն է՝ գործողությունների կոնկրետ ժամկետները, այսինքն ե՞րբ են սկսվելու, ե՞րբ են ավարտվելու։ Ես նման ժամկետներ այս ծրագրում որպես այդպիսին չեմ տեսել։ Բացի դա, կան դրույթներ, որոնք կրկնվում են ռազմավարական այլ ծրագրերում։ Օրինակ՝ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017֊19 թթ֊ի ծրագրի մեջ նախատեսված է, որ պետք է ստեղծվի բողոքարկման մեխանիզմ, այս նույն կետը կա նաև այլ ռազմավարություններում, բայց սրանց ժամկետների մասին խոսք անգամ չկա»,֊ ընդգծել է Ռոբերտ Ռևազյանը։
Նա հավելել է, որ մեծ ցանկություն ունի այս քննարկումը շարունակել 5 տարի հետո, ընդ որում, խոսել ոչ թե նրա մասին, որ Հայաստանը միջազգային փորձն է փորձում տեղայնացնել, այլ որ Հայաստանում այնպիսի բարեփոխումներ են արվել, որ զարգացած երկրները ցանկություն են հայտնել մեր առաջադիմական փորձը կիրառել։