ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն արդարացրել է իր նախորդների անարդյունավետ աշխատանքը՝ թեև անցյալ տարի իր նշանակումից հետո նա հայտարարել էր, որ ժառանգում է «չափազանց ծանր վիճակում գտնվող տնտեսություն»։
«Այն իրավիճակը, որ տիրել է աշխարհում, մեր երկրում, թույլ չի տվել նախկին կառավարիչներին աճի համար ներուժի բազա ստեղծելը։ Դա լավ կյանքից չի եղել»,֊ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Կարեն Կարապետյանը։
Հարցին, թե ինչու է ինքն անդամակցել երկիրը «չափազանց ծանր վիճակի» հասցրած Հանրապետական կուսակցությանը՝ վարչապետն ասել է․
«Իսկ ո՞վ է գնահատել, եթե այլ կուսակցություն լիներ այդ տնտեսական անկման պարագաներում՝ իրենք ինչի՞ն կհասցնեին։ Ես գտնում եմ, որ Հանրապետականն այն ճանապարհը, որ անցել է, անցել է ավելի քիչ կորուստներով, քան հնարավոր էր»,֊ ասել է Կարեն Կարապետյանը։
Նա կարծիք է հայտնել, որ իր կառավարման ընթացքում դրական փոփոխություն կա։ Որպես ապացույց ներկայացրել է «Կառավարության կողմից կատարած սոցիոլոգիական հարցումների» արդյունքները։ Հարցումների տվյալները լրագրողներին ամբողջությամբ չեն բաժանվել։ Վարչապետն ասել է, որ դրանց համաձայն, իրենց բարեկեցության աճ են տեսնում Հայաստանում հարցվածների 12.6 տոկոսը՝ անցյալ տարվա 8.8 տոկոսի համեմատ, իսկ իրենց վիճակի վատթարացում տեսնողների թիվը կրճատվել է 8 տոկոսով՝ դառնալով 29.3։
2018 թվականի հունվարի մեկից սպասվող թանկացումների մասին հարցին Կարեն Կարապետյանը հրաժարվել է պատասխանել՝ ասելով․ «Երբ որ լինի, էն ժամանակ էլ կարձագանքենք»։
Հարկերի ավելացումը վարչապետը բացատրել է հետևյալ կերպ․ «Մենք չենք թաքցրել, որ հարկային, մաքսային օրենսգիրքում որոշ կետեր ընդունել ենք ճարահատյալ, քանի որ խնդիր ունեինք մեր արտաքին պարտքը սպասարկելու»։
Վարչապետը հորդորել է չվախենալ տրանսֆերտների ծավալի հնարավոր նվազումից, պղնձի գների հնարավոր անկումից։
Արդյո՞ք կկարողանա Կառավարությունը աճ գրանցել այդ դեպքում։
«Եթե պղինձը չլիներ, չէի՞նք ապրելու։ Ապրելու էինք։ Ուղեղներս մի քիչ այլ ուղղությամբ կզոռեինք։ Կախված, թե ինչքանով նվազում կլինի․․․ բայց մենք կմեռնե՞նք, չենք մեռնի»։