Վայոց ձորի մարզպետարանը աշխատանքից չի հեռացնի Արենի գյուղի դպրոցի տնօրեն Ավետ Հայրապետյանին, ում գյուղացիները մեղադրում են համայնքային ընտրությունների շրջանում իշխող Հանրապետական կուսակցության թեկնածու Հուսիկ Սահակյանի օգտին քարոզչություն անելու մեջ։ Մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ դպրոցում քարոզչության դեպքը որևէ մի ծնող չի կարողացել ապացուցել։ «Առաջացել էր թնջուկ, որը լուծվել է, դասերն ընթանում են նախկինի պես։ Տնօրենը հասարակագիտություն է դասավանդում, և այդ դասին ընդամենը պատմել է ընտրական ինստիտուտների մասին՝ օրինակ բերելով իրենց գյուղի ընտրությունները։ Այդքանը»։
Արենի գյուղի բնակիչներից մեկը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ իրենք համաձայն չեն այս հայտարարության հետ։ «Մի քանի օր առաջ, երբ մենք դասադուլ արեցինք պահանջելով տնօրենի հեռանալը, մարզպետը՝ Հարություն Սարգսյանը, մեզ խոստացավ, որ տնօրենը կհեռանա, պաշտոնակար կնշանակվի մինչև նոր տնօրեն ընտրելը։ Մենք այդ խոստմանը հավատացինք և դադարեցրինք դասադուլը։ Իմանալով, որ դա սուտ խոստում էր, սկսել ենք ստորագրահավաք: Արդեն 300 հոգի ստորագրել է։ Եթե ստորագրահավաքից էլ տնօրենը չհեռանա, մենք փակելու ենք մեր գյուղի գլխավոր ճանապարհը, որը միջպետական ճանապարհ է»:
Նշենք, որ Արենի խոշորացված համայնքում ՀՀԿ֊ական Հուսիկ Սահակյանը հաղթել է։
Ըստ արենցիների՝ Հուսիկ Սահակյանի հետևում կանգնած է նրա մտերիմ ընկեր, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար, մարզում մեծ ազդեցություն ունեցող, ծնունդով Աղավնաձոր գյուղից Սամվել Սարգսյանը: