Ազգային ժողովի մոտ ակադեմիական տարկետման վերացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներից մեկին բերման են ենթարկել, որպեսզի նա այսօր ցուցմունք տա ինչ֊որ քրեական գործի շրջանակներում։ Ոստիկանությունից հայտնեցին, որ Ռոբերտ Գրիգորյանին բերան են ենթարկել Քննչական կոմիտեի պահանջով։
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը Epress.am֊ի հետ զրույցում ասել է․ «Ձեր կողմից վկայակոչվածը վկայություն է տվել հոկտեմբերին Կենտրոն վարչական շրջանում կատարված գողությունների դեպքերի առթիվ և ազատ է արձակվել», – ասել է Տռուզյանը։
Նշենք, որ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ անձին չեն կարող բերման ենթարկվել բռնությամբ՝ որպես վկա հարցաքննելու համար։ Որպես վկա կանչվելու մասին անձը պետք է տեղեկակցվի ծանուցումով։ Վկային բռնի ուժով բերման ենթարկել կարող են միայն եթե մի քանի անգամ ուղարկված ծանուցագրերից հետո նա չի ներկայանում նախաքննության մարմին։
Ուսանողի առևանգման մասին նոյեմբերի 15-ին Factor.am-ի թղթակցին ասել է ակցիայի մասնակիցներից մեկը․ «Մենք Օպերա հյուրանոցի մոտ էինք կանգնած, երբ երեք հոգի մեզ մոտեցան, Ռոբերտին քաշեցին ու մտցրին մեքենան։ Պարզաբանեցին միայն այն, որ քրեականից են ու մեքենայով իրան տարան։ Այս պահին Ռոբերտի հեռախոսն անհասանելի է», – ասել է ցույցի մասնակից ուսանողը։
Epress.am-ը կապ հաստատեց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Գեղամ Ասատրայնի հետ, ով նշեց, որ նման տեղեկատվություն չունեն։ «Գիտենք, որ մասնակցել է, այստեղ է եղել, բայց նախաձեռնության հեղինակներից չէ։ Մենք դեմքով չենք ճանաչում, չգիտենք։ Ասում են, ինչ-որ ուրիշ բանի համար են տարել։ Իրան ինչի՞ պետք է տանեին, որ տանելու լինեին առաջինն ինձ կտանեին», – ասաց Գեղամ Ասատրյանը։
Նշենք, որ դասադուլի 7 և հացադուլի 2֊րդ օրը՝ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի և ՀՀ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ փակ հանդիպումից հետո հայտարարեցին, որ դադարեցնում են հացադուլն ու դասադուլը։ Խմբի անդամները նշեցին, որ իշխանության հետ ձեռք է բերել կլոր սեղան ացկացնելու պայմանավորվածություն։ Այն տեղի է ունենալու նոյեմբերի 22֊ին։