Home / Հայաստան / Աշխատանքային օրենսգրքից հանվում են «Սովետից մնացած կոշտ կարգավորումները»

Աշխատանքային օրենսգրքից հանվում են «Սովետից մնացած կոշտ կարգավորումները»

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատրաստվում է փոփոխել Աշխատանքային օրենսգիրքը: Նորում պարզեցվում է այսպես կոչված գերփոքր ձեռնարկությունների պարտավորությունները աշխատավորների նկատմամբ. նրանք այլևս պարտավոր չեն լինի ընդունել ներքին իրավական ակտեր, և մինչև 60 օր առաջ տեղեկացնել աշխատողներին՝ պայմանները վատթարացնելու, օրինակ, աշխատավարձը  և հավելումները կրճատելու, աշխատաժամանակը երկարացնելու մասին: Գերփոքր ձեռնարկություններն այժմ միայն կփոփոխեն աշխատանքային պայմանագիրը և դրանում  իրենց ուզած փոփոխությունները կանեն՝ աշխատողի համաձայնությամբ և ստորագրությամբ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Թադևոս Ավետիսյանը Epress.am-ի հետ զրույցում վստահեցրել է՝ այս փոփոխությունից աշխատողների իրավունքները չեն տուժի. նրանք ուղղակի իրենց գործատուի հետ կբանակցեն ու կգան ընդհանուր հայտարարի, աշխատանքային իրավահարաբերությունները կդառնան “ճկուն”:

Ըստ չինովնիկի՝ գերփոքր ձեռնարկությունների նկատմամբ քաղաքականությունը չպետք է այնքան կոշտ լինի, որքան խոշոր, միջին կամ փոքր ձեռնարկությունների դեպքում է, քանի որ առաջինները (օրինակ, փոքր խանութները), ավելի մրցակցային պայմաններում են աշխատում, և երբեմն կարող են փակվել, եթե աշխատողը դեմ լինի զիջումների գնալու. օրինակ՝ պակաս աշխատավարձով չհամաձայնի աշխատել:

Ավետիսյանը նշում է, որ սա իրականում այն է, ինչ պրակտիկայում շուտվանից արվում է: “Մի աշխատող կա՞, որ գիտի՝ իր աշատավարձը կազմված է մի քանի բաղադրիչից և ինչ սխեմաներով է դրանցից յուրաքանչյուրով աշխատավարձը չափվում”:

Նախարարությունը ցանկանում է նաև վերացնել ծանր, վնասակար և առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքների ցանկը, որոնց դեպքում գործատուն մինչ այժմ պարտավոր էր հավելյալ վճար և հավելյալ արձակուրդ տալ աշխատողին: Սա, ըստ Ավետիսյանի, “Սովետից մնացած կոշտ կարգավորում է”:

“Պետությունը  սովետի ժամանակ միակ գործատուն էր: Մեզ մոտ սովետական այդ կոշտ կարգավորումները դեռ մնացել են. հիմա պետությունը գործատուներից մեկն է: Նա սահմանում է, օրինակ, իմ աշխատավարձը: Բայց պետությունը 500 հազար աշխատողներից միայն 120 հազարի գործատուն է: Սովետի նման պետությունը հիմա սահմանում է աշխատանքի տեսակների ցանկ, որ աշխատողներին կտաս հավելավճար՝ էսքան տոկոսով: Հավելումները մարդու կորցրած առողջությունը չեն վերադարձնում: Հիմա մենք ասում ենք՝ ապահովի աշխատանքի բարձր նորմաները: Գերմանական ստանդարտներով և հին հայկական ստանդարտներով սվարչիկի պայմանները նույնը չեն: Ստանդարտները գնահատող ծառայություններ կան: Եթե հանկարծ հնարավոր չի օբյեկտիվ պատճառներով  պայմաններն ապահովելը(բարձրության վրա աշխատանք, 40 աստիճան սառնամանիք), գործատուն պետք է տա լրացուցիչ արձակուրդ, հավելավճար, բայց աշխատուժի հետ պետք է պայմանավորվի: Կարող ա աշխատողը ասում է ՝ ես կաշխատեմ 3 օր, ինձ լրացուցիչ 2 օր ազատ տուր, ոչ թե օրական 4 ժամ աշխատեմ”:

Ըստ նախարարության՝ գերփոքր համարվում են այն ձեռնարկությունները, որտեղ աշխատում է մինչև 10 աշխատող: Դրանք կազմում են ձեռնարկությունների ընդհանուր թվի 95 տոկոսը, և աշխատատեղ են աշխատողների մոտ 20 տոկոսի համար: