հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Ազգային ժողով / Տանջանքների ու նվաստացման տարի ՍԱՍ սուպերմարքեթում

Տանջանքների ու նվաստացման տարի ՍԱՍ սուպերմարքեթում

Ութ ժամ լարված աշխատանք, առանց շաբաթ-կիրակիի, ընդմիջումն ընդամենը 15 րոպե, պիտի հասցնես ուտել, թե չէ վրադ կգոռան, և այդպես մեկ տարի, առանց օրինական աշխատանքի ընդունվելու։ ՍԱՍ սուպերմարքեթում մեկ տարի աշխատած կնոջ պատմությունը 2013-ի ամռանը իր բլոգում հրապարակել էր գրող, լրագրող Վահան Իշխանյանը։ Պատմությունը սոցցանցերում արդիականացվեց խանութների ցանցի աշխատակիցների՝ ընտրությունների հետ կապված ստորացումների մասին նոր նյութի ի հայտ գալու ֆոնին։

Խանութում աշխատած Սոնան պատմում է ՍԱՍ սուպերմարքեթի հսկիչ-վաճառողի առօրյայի, այն երիտասարդ սիրունատես աղջիկների մասին, որոնց հաճախարդները տեսնում են մթերքներ դասավորելիս, սայլակ տրամադրելիս և այլն:

Սոնան, ով չցանկացավ իր իսկական անունը հրապարակել (անունը փոխված է), ՍԱՍ-ում աշխատել է մոտ մեկ տարի, ու, չդիմանալով շահագործման ու ծանրաբեռնվածությանը, մեկ տարի առաջ դուրս եկել: Ասում է որ վերջին ամսվա աշխատավարձը չէին ուզում տալ և ծանոթի միջոցով է կարողացել ստանալ:

Ամենօրյա ութ ժամ աշխատանքի դիմաց աշխատավարձն ութսուն հազար դրամ է եղել: Թեև պարգևատրումներով հասնում է հարյուր հազարի, սակայն, տուգանքներն այնքան շատ են լինում, որ էլի եկամուտը իջնում է ու ութսուն հազարի չափ գումար է վաստակում:

«Տուգանում են ամեն չնչին բանի համար, մի քանի րոպե ուշանաս, բեջդ սխալ տեղ կպցրած լինես՝ աջի փոխարեն՝ ձախում(բեջը կպցնում էինք, բայց գրանցված աշխատող չէինք), մթերքը վնասվեց, կամ հաճախորդը կոլայի շիշը կոտրեց, քեզնից են տուգանում»:

Տուգանքը հինգ հարյուր կամ հազար դրամ էր:

Հաճախ ութ ժամից էլ ավել են աշխատում.

«Ստիպում են էլի մնաս, մի ժամ մնա, էրկու ժամ մնա»:

«Շատ են ճնշում, մանավանդ որ փոքր են, ահավոր աշխատացնումեն: Ամեն ստից բանի վրա կարող ա խոսային, հանգստյան օր չէին տալիս ընդհանրապես, կիրակի չենք ունեցել, մի տարում ոչ մի հանգստյան օր, ամեն օր աշխատել ենք, շատ քչերն են դիմանում էդ տեմպին, մի օր չգնաս, վատ են լինում հետդ՝ լավ աշխատող չես, պադդերժկա չես անում, օրվա աշխատավարձն էլ չես ստանում(օրը երեք հազար դրամ են հաշվում)»:

«Անունը հսկիչ-վաճառող ա, բայց պարտականությունները ահավոր շատ են՝ ապրանքների տեսակները պիտի իմանաս, անընդհատ լցնես, ապրանք վերցրին, պիտի նորը տեղը ավելացնես, պատվիրես նոր ապրանք բերեն:

Ահավոր հոգնում ես, ու էդ ամեն ինչով հանդերձ, նույնիսկ հենվել չես կարող, հենվեցիր, չժպտացիր հաճախորդին՝ բաժնի վարիչը վրադ գոռում ա, անընդհատ ժպիտը դեմքիդ ձիգ կանգնած պիտի լինես: Եվ հատուկ կոշտ ու կոպիտ աղջիկներ են ընդունում բաժնի վարիչ, որ գոռան, վիրավորեն քեզ, խաթրով մեկին գործի չեն վերցնի: Բայց մենակ նրանք չեն խոսում, վաճառողների վրա սաղ իրավունք ունեն խոսելու, նույնիսկ ախրաննիկը»:

«Ու դու անընդհատ պիտի լարված լինես, նույնիսկ ընդմիջման տասնհինգ րոպեն էլ լարված ես, հանկարծ մի րոպե ավել չմնաս, խոսում են վրադ, պիտի հասցնես շուտ-շուտ մի կտոր բան ուտես»:

«Ուտելիքն էլ ՍԱՍ-ից ենք առնում, էլ որտեղի՞ց: Աշխատած փողի մեծ մասը էլի ՍԱՍ-ում ա մնում, մթերքը էդտեղից ես առնում»:

«Սաղ էրեխեքը ոտքերի պրոբլեմ ունեն, ոտքերը ցավում են, երակների հիվանդություններ են ստանում»:

Գրեթե ոչ ոք մեկ տարուց ավել չի դիմանում, կամ հեռացնում են կամ ինքնակամ դուրս են գալիս: Ասում է, որ վերջերս մտել է իր աշխատած ՍԱՍ-ը, ուր մոտ յոթանասուն հոգի է աշխատում, և նկատել է, որ նախկին աշխատողներից միայն երկու-երեքն են մնացել:

«Ջահելներին շուտ-շուտ ընդունում են շուտ-շուտ էլ ազատում են, մի տարուց ավել աշխատող շատ քիչ կգտնես»:

Այսուհանդերձ միշտ աշխատանքի համար դիմողները շատ են, հիմնականում ուսանողներ, ընդունում են մինչև երեսուն տարեկան բարետես աղջիկների, երեսուն անցերին չեն վերցնում:

(Անցյալ տարի Սերժ Սարգսյանը հայտարարում էր. «Երեւանցիները չեն ցանկանում աշխատել ամսական 130-140 հազար դրամ աշխատավարձով (300 դոլար)՝ չնայած որ նման աշխատատեղերը մայրաքաղաքում բավականին շատ են»:)

Սոնան ասում է որ մոտ վաթսուն տոկոսը, ինչպես ինքը, օրինական չի աշխատում, «եթե աշխատողը դուրները գա, չուզենան կորցնեն, կընդունեն, բայց դա կարող ա լինի քսանից մեկը»:

(Համեմատության համար. երկու տարի առաջ գրել էի, որ ընդամենը երկու անօրինական աշխատող ունենալու համար մի համեստ խանութպանի հարկայինը տուգանել էր. «Մի քանի օր հետևել են, հանցագործին ոնց են հետևում, դարնակալ, հեռավորության վրա, որ չնկատվեն, այ տենց էկել մի քանի օր կայնել նայել են, ու ինչ են հայտնագործել, որ էրկու անօրինական աշխատող եմ պահում, մեկը հավաքարարը, մյուսն էլ ազգականս էկել էր Թիֆլիսից էրկու ամսով, ասի թո գա մի քիչ օգնի»):

Սոնան ասում է, որ ՍԱՍ-ը խլում է նաև իրենց հանգիստը. «Ամիսը մի քանի անգամ քո հանգստյան ժամին կանչում են օֆիս, անկապ ժողովներ, թրեյնինգներ, ստից, որ պիտի հանգստանաս, կանչում են ժողովի, շատ ճնշող ա»:

Սակայն ամենածանրը 2012թ. ԱԺ նախընտրական քարոզարշավի ու ընտրությունների օրերն էին, աշխատանքից հետո ժամերով տաղտկալի ու հոգնեցուցիչ փորձերը, որոնցով նախապատրաստվում էին հանրապետական կուսակցության և այժմ արդեն պատգամավոր ընտրված ՍԱՍ-ի սեփականատեր Արտակ Սարգսյանի քարոզարշավին. «Մի տասը օր շարունակ միտինգի փորձեր, դրոշակներ էին տալիս ձեռդ, ուզես-չուզես պիտի գնաս, սովորացնում էին, երբ ինչ գոռաս, օրինակ, դուրս ա գալիս Արտակ Սարգսյանը պիտի գոռաս՝ Արաբկիր(Սարգսյանի թեկնածությունը առաջադրված էր Երևանի Արաբկիր շրջանում), հետո ինչ որ պահի պիտի գոռաս՝ Հանրապետական, կամ ուղղակի գոռաս: Ցուցում էին տալիս, երբ ծափեր տաս, դրոշները երբ իրար տաս, փուչիկները երբ իրար տաս: Տանջված գնում էիր տուն, հաջորդ օրը էլի գործի, հետո էլի փորձեր: Վերջում էլ միտինգները»:

Ինչպես Սոնային, այնպես էլ մյուս աշխատողներին բնակության վայրի գրանցումներից հանել, գրանցել են Արաբկիրում որ ձայն տան Արտակ Սարգսյանին: Սոնային իր հայրենի քաղաքի գրանցումից հանել են և գրանցել Վրացական փողոցի շենքերից մեկում. ««Ո՞նց են արել, ո՞նց են հանել իմ քաղաքից, բերել գրանցել էստեղ, չգիտեմ, անձնագիրս ուղղակի տարել բերել են»: Անձնագիրը վերադարձրել են նոր գրանցման կնիքով: Մինչև հիմա գրանցված է այդտեղ, և գրանցումից դուրս գալու ու կրկին իր տան վրա գրացնվելու համար մի քանի օր պիտի ծախսի:

Բայց այսքանով չի ավարտվում Արտակ Սարգսյանին մատուցած ծառայությունները, աշխատողներին ստիպում են իրենց գրանցումներից տեղափոխված ձայներից բացի այլ ձայներ էլ բերել. «Տնօրենները հարյուր ձայն պիտի ապահովեին, մենեջերները հիսուն ձայն, աշխատողները տաս-տաս, ով ռայոնից էր հինգ ձայն(ինքը չի կարողացել հինգ ձայնը պահաովել և իր փոխարեն դա արել է մի աշխատակից): Արաբկիրում ապրողներից ավելի շատ էին պահանջում: Ձայն բերելն էլ ոնց է՝ պիտի նախապես անձնագրերը բերես՝ տվյալներով ստորագրված թղթեր»:

«Ու նաև ստիպում էին ֆեյսբուքում լայքեր տաս: Հետևում էին տեսնեն՝ լայք տվե՞լ ես: եթե լայք չես տվել, կանչում ասում էին՝ խի չես լայքել»: