Վերաքննիչ քաղաքացիական դատարանը այսօր հրաժարվել է հնարավորություն տալ ընդդիմադիր գործիչ, քաղբանտարկյալ Ժիրայր Սեֆիլյանին մասնակցելու իր գործով դատական նիստին։
Վերաքննիչը նաև մերժել է Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանի երկրորդ միջնորդությունը՝ տրամադրել պատասխանող Արմենիա հեռուստաընկերության գրավոր դիրքորոշման պատճենը, որպեսզի դրան հայցվոր կողմն էլ ծանոթանա։ Նշենք, որ Սեֆիլյանն այս գործով բողոքում է ընդդեմ Արմենիա հեռուստաընկերության, որը, ըստ Սեֆիլյանի, զրպարտություն և վիրավորանք է հեռարձակել իր մասին՝ նպատակ ունենալով վնասել իր պատվին, արժանապատվությանը և բարի համբավը։
2016 թվականի հունիսի 12-ին՝ Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունից մեկ շաբաթ առաջ, «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի ընթացքում ասվել էր, թե ղարաբաղյան պատերազմի ժամանակ Ժիրայր Սեֆիլյանը վիրավոր զինվորին թողել է մարտի դաշտում։
Վերաքննիչի դատավորներ Հարություն Ենոքյանի, Ստեփան Միքայելյանի և Արթուր Սմբատյանի երկու մերժման որոշումները անաչառության կասկածներ են հարուցել , և Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը բացարկ է հայտնել նրանց։
Այս գործով Սեֆիլյանի դեմ վճիռ է կայացրել առաջին ատյանի դատարանը։ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանը պաշտպանել էր «Սուր անկյան» ռեպորտաժը՝ հայտարարելով, որ «լրատվության ազատությունը ներառում է նաև որոշակի աստիճանի չափազանցված կամ հրահրող խոսք», իսկ «արտահայտվելու ազատության իրավունքը պաշտպանում է նաև այնպիսի արտահայտությունները, որոնք կարող են ցնցող, վիրավորական կամ վրդովեցուցիչ համարվել ոմանց կողմից»։