Արարատյան դաշտավայրում ջրային ռեսուրսները չարաշահելու համար ձկնաբույծներին տուգանելու հարցը առկախվել է։ Բնապահպանության նախարարությունից Epress.am֊ին գրությամբ պատասխանել են, որ 2017թ. հուլիս-օգոստոս ամիսներին Արարատյան դաշտավայրում գործող ձկնաբուծական տնտեսություններում սկսվել էին խոստացված տեսչական ստուգումները, սակայն ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության լուծարման պատճառով այդ ստուգումները դադարեցվել են: Մեզ հայտնել են նաև, որ ստեղծվել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական և ընդերքի տեսչական նոր մարմին, որը, հավանաբար, շարունակելու է տեսչական ստուգումները։
Նշենք, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ԳԱՏՕ ծրագրի ուսումնասիրությունների համաձայն՝ դաշտավայրում 2016 թվականին ջրառը թույլատրելին գերազանցել է 1.57 մլրդ խորանարդ մետրով։
Նախարարությանը ուղղած հարցման մեջ մենք տեղեկատվություն էինք խնդրել հետևյալ հարցերի շուրջ․ արդյոք Արարատյան դաշտավայրի 124 ձկնանբուծական ընկերություններից որևէ մեկը տուգանվել է թույլատրելիից շատ ջուր սպառելու համար, եթե այո՝ ինչքա՞ն է այդ տուգանքի չափը, արդյոք չարաշահող ընկերությունները եկել են օրինական դաշտ, եթե այո, ապա խախտումը հիմա՝ 2017 թվականին վերացնելը, ազատո՞ւմ է արդյոք 2016 թվականին կատարած խախտումների համար պատասխանատվություն կրելուց։
«Ձեր բարձրացրած հարցերին հնարավոր կլինի պատասխանել վերոհիշյալ տնտեսվարող սուբյեկտների մոտ իրականացվող ստուգումների ավարտից հետո», ֊ պատասխանում նշել է Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին (խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ) ձկնաբույծներին տուգանել պառնացել էր Բնապահպանության նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը։ Զգուշացման մեջ նշված էր, որ Արարատյան դաշտավայրում 2016 թվականին մոտ 150%-ով թույլատրելից շատ ջուր է օգտագործել և որ խախտումները չվերացնելու դեպքում ձկնաբուծական ընկերությունները տուգանվելու են յուրաքանչյուր 1 լ/վրկ համար նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձինք` երեքհարյուրապատիկի չափով։
Հիշեցնենք, որ, համաձայն մամուլում տարածված տեղեկությունների, Արարատյան դաշտավայրում ձկնաբուծարանների մի մասի փաստացի սեփականատերը ՀՀ ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն է։