Ո՛չ ահաբեկիչ ենք, ո՛չ մահապարտ ենք, սովորական մարդիկ ենք, նախագահը թող մեզ ընդունի․ ներկայումս Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Արծվաշենի նախկին բնակիչներից մոտ 60-70 ընտանիքներ, որոնք այժմ բնակվում են Ճամբարակ համայնքում, այսօր բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ նախագահի նստավայրի դիմացի մայթին՝ հույս ունենալով հանդիպել Սերժ Սարգսյանին։ Նախկին արծվաշենցիները պահանջել են, որ իշխանությունները բնակարաններ տան իրենց կամ գոնե փոխհատուցեն իրենց միջոցներով մեծ դժվարությամբ սարքված տների գումարը։
1992 թվականի տեղահանություններից հետո մոտ 3000 արծվաշենցիներ «ոչ մի բան ձեռքներիս, լրիվ տկլոր եկել ենք Ճամբարակ»։ Նրանք բնակություն են հաստատել Ճամբարակի շրջանում նախկինում ապրած ադրբեջանցիների կամ մոլոկանների տներում։
«Դրանք դեռ այն ժամանակ էլ 4-րդ կարգի վթարային տներ էին, այսօր այդ տներում անհնար է ապրել։ Արծվաշենցիների երեսին 25 տարի է չեն նայել», – լրագրողներին պատմել են բողոքողները։
Ճամբարակի բնակիչ տիկին Լիդան ասել է, որ 2009 թվականի Կառավարության ծրագրով որոշվել է 5 միլիարդ 900 միլիոն դրամ գումար հատկացնել տների վերանորոգման համար։ 2011 թվականի դեկտեմբերին այդ գումարից ստացել են ընդամենը 708 միլիոն դրամ, որից յուրաքանչյուր նախկին արծվաշենցու հասել է 360 հազար դրամ։ Մնացած գումարը շարունակաբար պետք է տրվեր, սակայն ծրագիրն այդպես էլ ավարտին չի հասցվել։
«360 հազարն ի՞նչ գումար է։ Որ պաշտոնյայի կնոջը տաս, չի գնա շուկա», – դժգոհում էին ցուցարարները։
Հույս ունենալով, որ մնացած գումարն ընթացքում կտան, մարդիկ վարկեր վերցնելով սկսել են վերակառուցել կիսաքանդ տները, սակայն փոխհատուցում չստանալով՝ «խրվել ենք վարկերի մեջ»․ «Մոտ 4 միլիարդի շինարարություն ենք արել, 750 միլիոնի դիմաց»։
Արծվաշենցիները դիմել են և՛ տեղի չինովիկներին, և՛ Երևանում Կառավարության ներկայացուցիչներին, տասնյակ նամակներ են գրել նախագահին, սակայն ոչ մի պատասխան չեն ստացել։
Արծվաշենցիներին միայն տների խնդիրը չէր հավաքել այսօր Նախագահականի մոտ։ Միաբերան նշում են՝ չկա աշխատանք, օրեցօր դատարկվում է Ճամբարակը։
Ճամբարակում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, որով էլ ընտանիքի հոգսերը չեն կարողանում հոգալ․ ընկերությունները կաթի մեկ լիտրը 100-120 դրամով են մթերում։ Գյուղի երիտասարդ տղամարդկանց մեծ մասն աշխատում է որպես պայմանագրային զինծառայող, ավելի տարեցները ՌԴ-ում զբաղվում են բանվորությամբ։ Կանայք ընդհանրապես աշխատանք չունեն։
«Այստեղ Ղարաբաղում ծառայած տղաների ծնողներն են։ Մեղք չե՞նք, թող մի քիչ էլ մեզ խղճան։ Ոչ մի սալդատ չենք ուղարկելու ո՛չ Ղարաբաղ, ո՛չ այլ տեղ։ Հեսա գնանք, բոլորին ասելու եմ՝ իջնեն [պոստից], թող թուրքը գա ու գրավի։ Հենա ծառայում են, ասում են՝ բայց մեզ որ մի բան պատահի, մեր երեխաներին ո՞վ է տեր կանգնելու», – ասել է ճամբարակցի մի կին։
Նշենք, որ 15։00֊ի դրությամբ ցուցարարներից 4 հոգի նախագահականում էին, իսկ մարդկանց մի մասն էլ հավաքվել էր Կառավարության շենքի մոտ։