Արմավիրի մարզի Լենուղի համայնքի 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչներն այս ձմեռ ևս կանցկացնեն վտանգի տակ՝ կիսաավեր տներում։ Տարիներ շարունակ տեղական և կենտրոնական չինովնիկները նոր բնակարաններ տալու խոստումներ են տալիս, որոնք այդպես էլ օդից կախված են մնում։
Մեկ տարի առաջ՝ 2016 թվականի նոյեմբերի վերջին, Epress.am-ի լրագրողների խումբը Լենուղում էր։ Բնակիչները մեկը մեկին ընդհատելով ցույց էին տալիս իրենց կիսավեր բնակարանները․ 1935 թվականին կառուցված երկու շենքերը չեն ունեցել ջրագծեր, կոյուղի չկա, տարիներ շարունակ բնակիչները ձեռքով ջուր են կրում։ Շենքերը փայտերի վրա են կանգնած, վթարային լինելու պատճառով արգելված է նաև բնական գազի խողովակներ անցկացնել։
Դեռ անցած տարի մեզ հետ զրույցում Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի օգնական Նվեր Պետրոսյանն հավաստիացրել էր, որ 2017 թվականի հրատապ ծրագրերի մեջ է ներառվել Լենուղու բնակիչների խնդիրը։ 2017 թվականի սկզբին պարզ դարձավ, սակայն, որ մարզի հաստատված բյուջեում չկա Լենուղու հարցը․ նախատեսված էր վերանորոգել միայն Շենիկ համայնիք մշակույթի տունը և Թաիրով համայնքի դպրոցը։
«Համապատասխան ֆինանսական միջոցներ չկան։ Այս տարի՝ 2017 թվականին, նույնպես չի լուծվի Լենուղու խնդիրը։ Մյուս արվա մասին ոչինչ ասել չեմ կարող», -մեզ հետ զրույցում այսօր նշել է մամուլի հետ կապերի բաժնի Հերմինե Վարդանյանը։ Նա հավատացրել է, որ խնդիրը բազմիցս մարզպետի կողմից բարձրաձայնվել է տարբեր պետական ատյաններում։
Լենուղու բնակիչներն այլևս չեն հավատում ոչ մի խոստման։ Կիսավեր շենքերից մեկի բնակիչ Թամարա Խաչատրյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասել է, որ էլ ոչ մեկից ու ոչ մի տեղից հույս չունեն․ «Մոտ մեկ ամիս առաջ կրկին եկանք Կառավարության շենքի մոտ, մեզ շանտաժ արեցին պիստալետով կանգնած ոստիկանները, ասացին՝ արգելված է ներս մտնել, կուզեք, մտեք, բայց մինչև հետ գնանք ձեր տուն, 50 հազար դրամի տուգանքը կգա»։
Դեռ մեկ տարի առաջ այնտեղ ապրող 22 ընտանիքների մի մասը, այլևս չդիմանալով անտանելի պայմաններին, լքել են տները։ Թամարա Խաչատրյանի խոսքով՝ մի մասը վարկով բնակարան է գնել՝ հույս ունենալով, որ մարզպետարանի խոստացված գումարով կփակի այն, սակայն, այդպես էլ ոչինչ չստանալով, խրվել է վարկի մեջ։
Նշենք, որ այսօր մեզ հետ զրույցում Շենիկի համայնքապետ Կորյուն Մինասյանն ասել է, որ մի քանի տարի շարունակ վերանորոգում են իրենց գյուղի մշակույթի տունը։ Նախորդ տարիներին վերոնորոգվել է շինության տանիքը, այս տարի երկու հարկերն են վերանորոգել՝ շուրջ 20 միլիոն դրամի։ Մինչ օրս մշակույթի տունը գտնվում է վերոնորոգման փուլում և դեռ չի շահագործվում։