Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստանը (ԹԻՀԿ) ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի դեկտեմբերի 18֊ին «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցը որակել է «կանխամտածված սուտ տեղեկատվության տարածում»։
Արամ Սիմոնյանը, արձագանքելով դեկտեմբերի 18-ին «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանի և Յուրի Ավագյանի հացադուլ և դասադուլ սկսելու բողոքին, նշել էր, որ ուսանողները «Սորոսի հիմնադրամից առաջադրանքներ են ստացել»։
«Երեկ չէ առաջին օրը, կարծեմ, եկել են Լեհաստանից, Սորոսի՝ այդ հայտնի կազմակերպության համաժողովից, թե հանդիպումից։ Բնականաբար, երևի, ինչ-որ առաջադրանքներ են ստացել և եկել են, առավոտյան մտել են այդ լսարանը, իրենց նախկին հացադուլի լսարանը, և հացադուլ են անում»,֊ հայտարարել էր Սիմոնյանը։
«ԵՊՀ ռեկտոր Ա.Սիմոնյանի կողմից տրված վերոնշյալ հարցազրույցը կանխամտածված սուտ տեղեկատվության տարածում է, որն ակնհայտորեն հետապնդել է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունն ու նրա անդամներին վարկաբեկելու նպատակ և միջազգային ֆինանսավորման կամ «Սորոսի» անվան օգտագործմամբ տվյալ նախաձեռնության նկատմամբ բացասական վերաբերմունք ձևավորելու միտում: Բոլոր դեպքերում Արամ Սիմոնյանի վարքագիծն անպատվաբեր է և անհարիր բարձրագույն կրթօջախի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողին և արժանի է խիստ գնահատականի նրան ընտրող մարմնի, ինչպես նաև ԵՊՀ դասախոսական կազմի և ուսանողության կողմից»,֊ ասված է հայտարարության մեջ: