Կառավարությունը ցանկանում է սահմանափակել մարդու իրավուքը՝ լռել և ցուցմունք չտալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ: Այս սահմանափակումն առաջարկվում է քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններով, որոնք Կառավարությունը արտահերթ նիստով բերել է Ազգային ժողով։
Այսօր նիստի ժամանակ Արտարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է, որ փոփոխությունը բխում է 2015 թվականին ընդունված նոր Սահմանադրությունից։ Եթե նախորդ Սահմանադրությունում անձի՝ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք չտալու իրավունքը կար, նորում անձը կարող է լռել այն դեպքում, «եթե ողջամտորեն ենթադրելի է», որ ցուցմունքը հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ։
Որոշ պատգամավորներ այս փոփոխությունը հետընթաց են համարում։
«Ով է որոշելու՝ որն է «ողջամտորեն»֊ը։ «Ողջամտորեն» բառը սարքել եք մանտրա, միայն որ կոնկրետ կալանավորի նկատմամբ, կոնկրետ քաղաքական դրդապատճառներից ելնելով այդ բառը շահարկեք»,֊ ասել է «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Սա հետընթաց է նախորդ Սահմանադրությունից։ Եվրոպական դատարանի նախադեպերով հաստատված է, որ անձը իրավունք ունի լռելու։ Լռել նշանակում է ոչինչ չասել։ Եվ անձը ինքն է որոշում՝ իր ասած բառը՝ արդյոք հնարավոր է օգտագործվի իր դեմ», ֊ ասել է «Ելք» դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանը։