Մոսկվայում՝ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) շենքի մոտից այսօր բերման է ենթարկվել Pussy Riot խմբի նախկին մասնակից Մարիա Ալյոխինան։ Նա ակտիվիստ Օլգա Բորիսովայի հետ միասին շենքի ճաղավանդակին պաստառ են ամրացրել, որի վրա գրված է եղել․ «Ձեր ծնունդը շնորհավոր, դահիճներ»։ Անվտանգության աշխատակիցները չեն հասկացել, որ Բորիսովան նույնպես ակցիայի մասնակից է և նրան բերման չեն ենթարկել․ փոխարենը ոստիկանություն են տարել երկու լուսանկարիչների, ովքեր լուսանկարում էին պաստառը։
Բորիսովան ԶԼՄ֊ներին պատմել է, որ ակցիան նվիրված է Անվտանգության մարմինների աշխատակիցների օրվան և անվտանգության ծառայության հարյուրամյակի օրվան, որը հաշվառվում է խորհրդային տարիներից։
Հայաստանում այսօր նույնպես նշվում է ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը։ Այդ կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով նախկինում ՀՀ ազգային անվտանգության նախարար է եղել, շնորհավորական ուղերձ է հղել «ազգային անվտանգության մարմինների աշխատողներին և համակարգի վետերաններին»։
«2017 թվականի ընթացքում ազգային անվտանգության մարմինների ստորաբաժանումներն իրենց գործառույթներն իրականացնելիս դրսևորեցին պահանջվող պատրաստվածություն: Ավելին՝ ԱԱԾ մարմինները, վերահսկելով օպերատիվ իրավիճակը, թույլ չտվեցին, որ ինչ-ինչ զարգացումներ վնասակար հետևանքներ առաջացնեն Հայաստանի պետականության և սահմանադրական կարգի համար», ֊ մասնավորապես, ասել է Սերժ Սարգսյանը: