«Սասնա ծռեր»-ի գործով հունիսի 28-ի դատավարության ժամանակ դատարանի բակում քաղաքացի Փայլակ Թևանյանի կողմից, ըստ պաշտոնական մեղադրանքի, բռնության ենթարկված դատական կարգադրիչ Առաքել Արզումանյանն ազատվել է աշխատանքից և հեռացել երկրից։ Այս մասին Epress.am-ի մեզ հետ զրույցում ասել է Փայլակ Թևանյանը։
Ավելի վաղ մեզ հետ զրույցում, Թևանյանը պատմել էր, որ այդ օրը մի խումբ քաղաքացիներով հավաքվել էին դատարանի բակի մոտ՝ հերթով դատական նիստերի դահլիճ մտնելու համար։ Թևանյանի խոսքով՝ ինքը տեսել է, որ Գարուշ Պետրոսյանին («Սասնա ծռերի» անդամ Աշոտ Պետրոսյանի որդին-խմբ․) հրելով բերում են, և մոտեցել է արգելապատնեշին։ Լարված վիճակը հանգստացնելու համար փորձել է կարգադրիչներին և Գարուշ Պետրոսյանին բաժանել իրարից։
«Կարգադրիչի ձեռքը, որ մեկնված էր ինձ, հետ տարա, ինքն էլ էդ փաստից եսիմ ինչ եղավ, հայհոյեց ինձ, ձեռքով խփեց կրծքավանդակիս։ Ընկերներս ինձ հետ քաշեցին՝ վիճակը հանգստացնելու համար», ֊ ասել է Թևանյանը։
Նա նշում է, որ այդ պահին միջադեպը շարունակություն չի ունեցել, սակայն հետո նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր․ օրեսնգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի՝ դատական կարգադրիչ Առաքել Արզումանյանի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը` կապված վերջինիս կողմից ծառայողական պարտականությունները կատարելու հետ։ Ըստ մեղադրանքի՝ Թևանյանը աջ ձեռքով դիտավորությամբ հարվածել է Արզումանյանի դեմքին՝ վերջինիս պատճառելով ֆիզիկական ցավ:
Նշված հոդվածը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանք՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Այսօր մեզ հետ զրույցում Թևանյանը նշել է, որ դատական գործն արդեն ավարտին է հասնում։ Քննվել են արդեն գործով վկա դատական կարգադրիչները, ոստիկանները և դատարանի մոտ ներկա այլ քաղաքացիներ։
Թևանյանի խոսքով՝ դատական նիստերից մեկի ժամանակ հայտարարվել է, որ տուժող ճանաչված դատական կարգադրիչն իր դիմումի հիման վրա գործից ազատվել և մեկնել է արտագնա աշխատանքի։
Թևանյանի դիտարկմամբ՝ ինքը վստահաբար մեղավոր է ճանաչվելու, թեև իրեն մեղավոր չի համարում։
Նույն օրը տեղի ունեցած քաշքշուկի հետևանքով ևս մեկ քրեական գործ էր հարուցվել «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանի եղբոր՝ Դավիթ Եղիազարյանի նկատմամբ, որը մեղադրվում է գնդապետ Խաչատուր Ավետիսյանին հարվածելու մեջ: Գործը, սակայն, նախաքննության փուլում կարճվել է։
Epress.am-ի հետ զրույցում Եղիազարյանը պատմել է, որ երբ ինքը խանութից վերադարձել է, տեսել է, որ դատարանի բակում «խառը իրադրություն է, քաշքշոց, ոստիկանները քաշքշում էին մարդկանց»։
«Ձեռքս դրի գնդապետ Խաչատուր Ավետիսյանի ուսին, և ասացի՝ Ձեր ենթականերին կարգի հրավիրեք։ Ձեռս դեռ ուսին չդրած՝ ուզեցավ հարվածի, հետո հրաման տվեց ինձ բերման ենթարկել», – պատմել է Եղիազարյանը։
Վերջինիս մեղադրյալի կարգավիճակ չի տրվել։ Նա ներգրավվել է որպես վկա և այդ կարգավիճակով մի քանի անգամ հարցաքննվել է ՀՔԾ-ում։
«Վարչական գործով նյութեր նախապատրաստվեցին, հետո ճղեցին դա, բռնեցին քրեական գործ բացեցին, իբր փորձ եմ արել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառել», -նշել է Եղիազարյանը։
Նրա խոսքով՝ ինքն այդպես էլ չի հասկացել, թե ինչու պետք է քրեական գործ հարցուվեր․ «Փաստորեն ինձ ոչ մի բանում էլ չէին մեղադրում, քանի որ կարգավիճակ չէին տվել։ Անիմաստ գործ հարուցեցին ու անիմաստ կարճեցին»։
Նշենք, որ այդ օրը՝ հունիսի 28-ին, Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նկուղում ծեծի են ենթարկել խմբի անդամներից Արեգ Կյուրեղյանին, Արայիկ Խանդոյանին, Գագիկ Եղիազարյանին և Մխիթար Ավետիսյանին։