Medialab.am կայքի անձնակազմի հասցեին սոցիալական ցանցերում և անձնական նամակագրությամբ սպառնալիքներ է հնչեցրել Պաշտպանության նախարարության սպա, դիպուկահար Հայկ Օհանյանը։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը, որը զրուցել է Օհանյանի հետ։
Նշենք, որ օրեր առաջ կայքի անձնակազմը սպառնալիքներ էր ստացել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։ Սպառնալիքները զետեղվել էին ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին անդրադարձող ծաղրանկարի ֆեյսբուքյան հրապարակման տակ՝ մեկնաբանության տեսքով։ Ծաղրանկարը վերաբերել էր նախորդ տարեվերջին Պաշտպանության նախարարության կողմից պետական բյուջեի միջոցներով 7 մլն դրամի ծաղիկներ ու ծաղկային կոմպոզիցիաներ ձեռք բերելուն։ Հայկ Բերման Օհանյան անունով օգտատերը հրապարակման տակ գրել էր․ «Ձեզ չի թվում, որ ձեր չափը անցել եք», հետո անուղղակի հիշեցրել է ֆրանսիական «Շառլի Էբդո» թերթի աշխատակիցների մասին․ «…Նայեք էն ֆրանսիական բանի օրը չընկնեք»։ Կայքի խմբագիր Մարիաննա Գրիգորյանը սպառնալիքներ էր ստացել նաև անձնական նամակագրությամբ։
Պարո՛ն Օհանյան, ինչո՞ւ եք սպառնացել «Մեդիալաբ»-ի տնօրենին:
Ոստիկանությունից բոլոր հարցերի պատասխանները կարող եք ստանալ, որ ոչ մի սպառնալիք չի եղել, դա ընդամենը իր ճիշտ մտածելակերպի բանն ա հետագայում գրանտներ շահելու համար, էդքան բան:
Այսինքն՝ պնդում եք, որ չե՞ք սպառնացել խմբագրին:
Այո, տենց բան չի եղել: Հարց ա եղել անձնական նամակի մեջ՝ դուք ինձ սպառնո՞ւմ եք, պատասխանը եղել ա՝ դուք ո՞վ եք, որ ձեզ սպառնամ:
Դուք ասել եք, որ հակառակորդին այն աշխարհ ուղարկողն եք: Դա ի՞նչ է նշանակում:
Ցանկացած հայոց բանակի սպա և զինվոր հակառակորդին էն աշխարհն ուղարկող ա, և եթե ինքը իրան համարում ա հակառակորդ, ուրեմն իրա գործն ա:
ՀՀ գլխավոր դատախազությունը փետրվարի 6֊ին քրեական գործ է հարուցել Medialab.am լրատվական կայքի խմբագրության հասցեին սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ։ Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել) և նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ Քննչական կոմիտե: