Շիրակի պետական համալսարանի դասախոս Հովհաննես Խորիկյանն ուսանողների և ընկերների խնդրանքով դադարեցրել է հացադուլը, որը երկու օր է տևել։ Epress.am-ի հետ զրույցում Խորիկյանը պնդել է, որ շարունակելու է հետամուտ լինել իր բարձրացրած հարցերին։
«Ուսանողներս դասադուլ են հայտարարել, ես չէի կարող փակված մնալ, իսկ իրենք՝ դրսում», -ասել է Խորիկյանը։
Իր հացադուլով Խորիկյանը հանրության ուշադրությունն էր հրավիրում բուհի ՀՀԿ֊ական ռեկտոր Սահակ Մինասյանի գործողությունների վրա, որոնք Խորիկյանն անօրինական է համարում։
Երկօրյա հացադուլի ընթացքում բուհի ռեկտորը դասախոսին չի մոտեցել։ «Մոտեցել է պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը և խնդրել է, որ մտածեմ իմ առողջության մասին», -ասել է Խորիկյանը։
Նա ընդգծել է, որ իր պահանջներով նամակ է պատրաստվում հղել Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին։