հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / մարտի-1 / Մարտի 1-ին «Չերյոմուխա 7»-ի օգտագործումը լեգիտիմացնում են Ռուսաստանում արված փորձաքննությամբ

Մարտի 1-ին «Չերյոմուխա 7»-ի օգտագործումը լեգիտիմացնում են Ռուսաստանում արված փորձաքննությամբ

Մարտի 1-ի իրադարձություններին նվիրված խորհրդարանական լսումների ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանը մի շարք հարցերի հրաժարվել է պատասխանել՝ հղում անելով գործի նախաքննության գաղտնիությանը։

Այսօր Ազգային ժողովում ընթանում են 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձություններին, 10 անձանց սպանություններին վերաբերող խորհրդարանական լսումները, որոնց ընթացքում Բիշարյանը մի քանի վիճակագրական տվյալներ է ներկայացրել։ Նա ընդգծել է, որ գործի քննության ժամանակ հարցաքննվել են 5000 վկաներ, բազմաթիվ դատական ակտերով հաստատվել է՝ տարբեր մարդկանց կողմից 2008թ. մարտի 1-ին և 2-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու փաստը։ Բիշարյանը համոզմունք է հայտնել, որ նախաքննության առաջին իսկ օրվանից կատարված քննության արդյունքները մշտապես ներկայացվել են հանրությանը, զանգվածային լրատվության միջոցներով, պարբերաբար տեղեկություններ են տրամադրվել շահագրգիռ մի շարք ինստիտուտների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին։

Բիշարյանն անդրադարձել է Մարտի 1-ին «Չերյոմուխա 7» տեսակի հատուկ միջոցի կիրառմանը, որի հետևանքով 3 մարդ է մահացել՝ Տիգրան Խաչատրյանը, Արմեն Ֆարմանյանը և Գոռ Քլոյանը։

«Այս դրվագներով քննության բարդությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ դատաձգաբանական փորձաքննությամբ Տիգրան Խաչատրյան, Արմեն Ֆարմանյանի և Գոռ Քլոյանի մարմնից հանված «Չերյոմուխա 7» գազային փամփուշտ֊նռնակի բեկորների հետքերի վրա առկա կտակման հետքերը պիտանի չեն կոնկրետ զենքի նույնացման համար։ Այդ պատճառով դեռևս չի պարզվել՝ որ զենքի կրակոցից են վիրավորվել և մահացել նշված անձինք»,֊ ասել է նա։

Մարտի 1֊ի իրադարձությունների հետքերով 2008-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով ստեղծված և մեկ տարի անց լուծարված Փաստահավաք խմբի փորձագետ Անդրանիկ Քոչարյանն այսօր ԱԺ֊ում հակառակն է պնդել՝ ասելով, որ շատ պետք է ցանկանալ չբացահայտելու համար՝ ում կրակոցներն են հանգեցրել մահվան, քանի որ յուրաքանչյուր միավոր զենքն օգտագործում են 2 մարդ միայն։ Մարտի 1-ին «Չերյոմուխա 7» գազային նռնակ֊փամփուշտները կրակած մարդիկ հայտնի են՝ Ոստիկանության զորքերի 1033 զորամասի ենթասպաներ Մկրտիչ Ղարիբյանը՝ 8 հատ, Վարդան Սահակյանը՝ 9 հատ, ինչպես նաև Ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ջոկատի ենթասպաներ Լևոն Հակոբյանը՝ 20 հատ, Ավետիք Աթաբեկյանը՝ 19 հատ։ Ընդամենը օգտագործվել է 56 հատ «Չերյոմուխա 7» տեսակի հատուկ միջոց։

Դատախազ Բիշարյանն ԱԺ֊ում հայտարարել է նաև, որ «Չերյոմուխա 7»֊ի կիրառումը եղել է օրինական՝ հղում անելով մինչ այժմ անհայտ մի ռուսական փորձաքննության։

«ՌԴ Ներքին գործերի նախարարության Հատուկ տեխնիկա և կապ «ԳԱՄ» պետական ձեռնարկությունում անցկացված փորձաքննությամբ պարզվել է, որ «Չերյոմուխա 7» զինատեսակի կիրառումը բաց տարածության մեջ չի արգելվում, արգելվում է անմիջապես մարդու վրա կրակելը։ Կրակը կարող է արձակվել իրավախախտներին մոտ գտնվող տեղանքում կամ օբյեկտների վրա»,֊ ասել է դատախազը։

«Դատախազության աշխատողը փորձեց հիմանվորել, որ դա կարելի էր օգտագործել բաց տարածքներում։ Դա այդպես չէ։ Դա նախատեսված է թաքնված տեռորիստական խմբերին փակ տարածքներից հանելու համար։ Դրա մեջից գազը դուրս է գալիս, երբ այն հաղթահարում է արգելքը։ Մեր դեպքում, մեր զոհվածքների մարմնից են գնդակը հանել, և դա եղել է նշանառու կրակոց։ Ոչ միայն կրակել են ցուցարարներին, այլ որպեսի գազը դուրս գա, կրակել են մի պատնեշի, իսկ պատնեշի մոտ մարդիկ են եղել, ում կպել է։ Դա սնայպերսկի հրացան չի «Չերյոմուխա 7»֊ը։ Էնպես որ, կիրառման կարգը խախտված է»,֊ իր խոսքում հակադարձել է Անդրանիկ Քոչարյանը։

Նշենք, որ Փաստահավաք խմբի աշխատանքի ընթացքում Անդրանիկ Քոչարյանի հարցին ի պատասխան՝ ՀՀ ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Բագրատ Խաչատրյանը նշում է, որ «Չերյոմուխա 7» հատուկ միջոցը «օգտագործվում է փակ տարածքներում, իրավունք չունես դրանով կրակելու անձամբ մարդու վրա, դաժե ամբոխի ուղղությամբ»։