Երեւանի բնակիչ Թեհմինե Հայրումյանը «Հետքին» ուղարկած նամակում պատմում է մահամերձ հոր հանդեպ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի թիվ 1 ենթակայանի բժշկուհի Կարինե Կարովի Ամբարյանի դրսեւորած վերաբերմունքի մասին: Սերգեյ Հայրումյանը մահացել է փետրվարի 3-ին:
Հայրս 78 տարեկան էր: Երեք անգամ նրա սրտին խթանիչ էր դրվել (երկու անգամ՝ Հայաստանում, երրորդ անգամ՝ ԱՄՆ-ում):
Փետրվարի 2-ին՝ ժամը 23:00-ին, հայրս վատ էր զգում, շտապօգնության կանչ գրեցինք: Շտապօգնության բժիշկը երիտասարդ, գրագետ բժիշկ էր: Ասաց, որ հորս մոտ թոքի այտուց է, անմիջապես նստեցրեց, թթվածնային բալոն բերեց, առաջին օգնությունը ցուցաբերեց: Առաջարկեց հիվանդանոց տանել, բայց չստիպեց, հայրս էլ հրաժարվեց հիվանդանոց գնալ: Անձնակազմը ուշքի բերեց հորս, նա սկսեց կատակել, եկավ նստեց մեզ հետ, հեռուստացույց նայեցինք, խոսեցինք: Հետո ասաց, որ մի քիչ լավ չի զգում, ուզում է պառկել: Կեսգիշերն անց սկսեց նորից հազալ, չնայած առաջին անգամվա պես չէր, համեմատաբար ավելի լավ էր, չսպասեցի, որ վատանա, միանգամից նորից զանգեցի շտապօգնություն:
Գիշերվա ժամը 3-ն էր: Քույրս իջավ շտապօգնության բժշկին դիմավորելու: Վերելակում բժշկուհի Կարինե Ամբարյանն առանց բարեւելու սկսեց փնթփնթալ, բողոքել, որ դրսում շատ ցուրտ է, իսկ ինքը շտապօգնության մեքենայում է, եւ որ իր բախտը չի բերել, որ ուրիշները քնում են, ու հենց իր հերթապահության ժամանակ պիտի այսպիսի դեպքեր լինեն:
Երբ բարձրացավ տուն, հորս ճանաչեց, ասաց՝ էս «pacemaker» դրած պացիենտն է, եւ ինքը մեր տուն էլի է եկել: Հետո դարձյալ սկսեց մուննաթ գալ, թե ինչու նախորդ բժշկի հետ չենք գնացել հիվանդանոց, ասացինք, որ նախորդի դեպքում պացիենտն ուղղակի հրաժարվել է հիվանդանոց գնալ, եւ նրա կամքին չէինք կարող բռնանալ: Բժշկուհին սկսեց ջղայնանալ հորս վրա, թե ինչու չի գնացել հիվանդանոց: Նրան համոզեց, հագցրեցինք: Այդ ամբողջ ընթացքում հորս գիտակցությունը տեղն էր: Հագուստը հագցնելուց հայրս ասաց՝ հեռախոսս վերցնեմ, բժշկուհին թե՝ քեզ երկու օր ռեանիմացիայում հեռախոս պետք չի լինելու: Ասաց՝ շարֆով փաթաթեք, որ բերանը սառը օդ չմտնի:
Կարինե Ամբարյանն ու քույրս վերելակով հորս իջեցրին, իսկ ես ու բուժակը ոտքով իջանք (մեր բնակարանը 8-րդ հարկում է): Երբ հասանք առաջին հարկ, տեսա, որ հայրս ընկած է գետնին՝ վերելակի մոտ: Վերելակում ուշքը գնացել էր, բժշկուհին սկսել էր գոռալ, թե Սերգե՛յ, վեր կաց, Սերգե՛յ, ուշքի արի, քո ոտքով պիտի գնաս նստես մեքենան:
Շտապօգնության մեքենայից բրեզենտից մի կտոր բերեցին, որով հորս պիտի տանեինք դեպի մեքենան: Մեքենայում պատգարակ կար, բայց չբերեցին: Քույրս, շտապօգնության վարորդը, բժշկուհին ու բուժակը հորս շենքի մուտքից դուրս բերեցին: Հայրս այդ պահին աչքերը բացեց, բժշկուհին ասաց, որ հոգեվարքի մեջ է, ու սկսեց գոռալ, թե ինչու պիտի իր հերթապահության ժամանակ լինի, ինչու ուրիշի չարած գործն ինքը պիտի անի: Ասացի՝ կարո՞ղ եք օգնություն ցույց տալ մարդուն: Բժշկուհին պատասխանեց, թե եկեք հետ տանենք տուն: Ասացի՝ ո՞նց եք տանելու, հայրս իր ոտքով է իջել: Իմ միակ ցանկությունն այդ պահին այն էր, որ օգնեին հորս: Ի տարբերություն բժշկի՝ ես չգիտեի օրենքի մասին: Իսկ օրենքն ասում է, որ եթե մահը գրանցվում է շտապօգնության մեքենայում, ապա միջամտում է ոստիկանությունը: Սկսեցի գոռալ, ասել, որ օգնեն, վարորդն ասաց՝ ինչի՞ ես գոռում բժշկի վրա: Ասացի՝ հասկանո՞ւմ եք, իմ հայրն է:
Երբ նստեցինք մեքենա, քույրս դեռ խոսում էր հորս հետ, ճանապարհին բուժակն ինձ աչքով նշան արեց, հասկացա, որ հայրս մահացել է, բայց քույրս դեռ չէր հասկացել: Հասանք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, հորս մեքենայից դուրս հանելիս քույրս ասաց՝ պապայի հողաթափերը վերցնենք, ոտքերը կմրսեն: Ասացի՝ դրանք էլ պետք չեն, մի վերցրու… Հիվանդանոցի ընդունարան մտա, աշխատակցուհին սուրճ էր խմում ու ծխում էր: Ծխելու դեմ օրենք են ընդունում, իսկ առողջապահության նախարարը գիտի՞ այն մասին, որ հիվանդանոցի աշխատողն ընդունարանի մեջտեղում կարող է ծխել:
Բժշկուհի Կարինե Ամբարյանի դեմ բողոք չներկայացրեցինք հետաքննիչին: Խոսեցի դատական բժիշկների հետ, նախորդ բժիշկն էլ ասաց, որ հորս սիրտը մաշվել է: Սրտի անբավարարությունից թոքի այտուց էր առաջացել: Հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործ չհարուցվեց: Շատ լավ գիտակցում եմ այդ ամենը, այնպես չէ, որ ինքս ինձ խաբում եմ, բայց մեծահասակ մարդուն չէր կարելի տանջել:
Չեմ կարծում, որ Կ. Ամբարյանը պիտի փրկեր նրան, բայց չարեց: Պարզապես բարկացած եմ նրա մարդկային եւ մասնագիտական որակներից: Ինչո՞ւ, օրինակ, նախորդ բժշկից չեմ բողոքում. հասկանում եմ, որ այդ մարդը հնարավորինս օգնություն ցուցաբերեց: Ուղղակի չէի ցանկանա, որ իմ հայրն անօգնական պառկած լիներ վերելակի, շենքի դիմաց:
Իմ ցանկությունն այն է, որ Կարինե Ամբարյանի նման մասնագետներ չաշխատեն համակարգում: Այս բժշկուհին ինչպե՞ս է գնում մարդկանց օգնություն ցուցաբերելու, եթե իր սրտում կարեկցանքի մի կաթիլ չունի, բացի դրանից՝ մասնագիտական որակ չունի: Նման մարդը չպիտի աշխատի որպես բժիշկ:
Ես հիմա այնքան չեմ մտածում Ամբարյանի պատժվել-չպատժվելու մասին, որքան նրա, որ գուցե լինի շտապ բժշկական օգնության կարիք ունեցող պացիենտ, ում հնարավոր լինի փրկել, եւ Կարինե Ամբարյանը հիվանդանոց մտնելիս անտարբերությամբ չասի՝ բարեւ ձեզ, դիակ ենք բերել:
Շատ ցավալի բաներ եմ ասում, բառեր, որոնք գուցե այս բժշկուհու համար հերթական նախադասությունն են, ու ինքը սովորել է այդպես խոսել մարդկանց մասին, բայց դրանք չափազանց ցավալի են ինձ ու մյուսների համար: