֊ Ծանր կոտրվածքներով հինգ անկողնային հիվանդներ, ամեն մեկի կողքին առնվազն մեկ խնամակալ ՝ քսան քառակուսի մետրանոց սենյակում, որտեղ կա 6 մահճակալ ու 5 աթոռ։ Վեցերորդ ազատ մահճակալը նախատեսված է 5 խնամակալների՝ հերթափոխով քնելու համար։
Պալատում օդափոխության համակարգ չկա՝ միաժամանակ քսան քառակուսի մետրանոց սենյակում գտնվում են առնվազն 10 հոգի, ցերեկային ժամերին մարդկանց քանակը աճում ա։ Նույն սենյակում, պարզ ա, մարդիկ սնվում են, քնում են, քրտնում են, անկողնային հիվանդները ժամանակ առ ժամանակ բնական կարիքներն են հոգում, իսկ օդափոխիչ խողովակը խցանված է։ Հիվանդներից մեկը, բացի ոտքի կոտրվածքից, տառապում է թոքաբորբով, մյուսը՝ ջերմություն ու հազ ունի․ բաց պատուհանը հանգեցնում ա կոնֆլիկտների։
Հ1֊ն ընդհանուր պալատի ընդհանուր հեռուստացույցից խոսում ա ինքնապաշտպանությունից, իսկ մեր պալատը մտածում ա «քաքի հոտից ու անքնությունից ինքնապաշտպանվելու» մասին։
֊ երկրում պատերազմ ա, իսկ մեր սաղ ուշքն ու միտքը էս գժի ոռնոցն ա։
Կողքի պալատ՝ ոտքի ծանր կոտրվածքով, հոգեբուժարանից մի քանի օր առաջ մարդ են բերել։ Գիշերները սկսում ա բարձր գոռալ, ոտքն անշարժ չի պահում՝ փորձում ա փախնել։ Բժիշկները «հանգստացնող դեղեր» չունեն, «ստիպված» են գործել ավանդական մեթոդներով։
Ծանր կոտրվածքի վիրահատության համար Հայաստանում անհրաժեշտ ա ամենաքիչը 400-ից 500 հազար դրամ՝ 150-ից 220 հազար հիվանդանոցի և 220-ից 300 հազար մետաղական կոնստրուկցիաների համար։ Բացի ցավազրկողից ու անտիբիոտիկներից 220 հազարի մեջ ոչ մի դեղ չի մտնում։ Ռենտգենի համար նույնպես անհրաժեշտ է առանձին վճարել։
Բժիշկներին պալատի պայմաններից բողոքել կարելի է, բայց անարդյունավետ։ Անվճար պալատները, պարզ ա, նպատակ ունեն ապահովել վճարովի պալատների պահանջարկը, ու փող պեղելու գոնե մի փոքր հնարավորության դեպում, հիվանդանոցը ստեղծում ա պայմաններ էդ հնարավորությունից օգտվելու համար։
VIP տեսակի սենյակները գտնվում են LUXE տեսակի սենյակների հարևանությամբ։ Ի տարբերություն LUXE֊ի, VIP֊ում սենյակների գինը սկսվում ա 7 հազար դրամից։ Օրավարձով։ Յոթ հազարանոց սենյակները, որպես կանոն, զբաղված են։ Անհրաժեշտ ա հերթագրվել։
ԼUXE-ում ազատ սենյակների խնդիր չկա, «աճուրդի նախնական գինը»՝ 10 հազար դրամ։ LUXURY֊ի ու COMFORT-ի համեմատ փառք ա։
Վճարովի պալատ տեղափոխվելուց հետո իմանում ես, որ մեջքդ ցավում էր ոչ թե երկար պարկելու, այլ անկողնու՝ չոր լինելու պատճառով, որ բժիշկները Էրեբունի հիվանդանոցում «իրականում» բարեհամբյուր են ու հոգատար, որ հիվանդանոցում օդափոխության համակարգ ու տաք ջուր կա, ու որ նարկոզից առաջ ու հետո «չափազանց կարևոր է օրական առնվազն երեք լիտր ջուր խմել»։ Ընդհանուր պալատում պառկածների համար դա, ըստ երևույթի, չափազանց կարևոր չէ՝ ի վերջո հինգ հոգին օրական երեք լիտր ջուր խմելու պարագայում նույնիսկ մեծ ցանկության դեպքում ընդհանուր ուտկայով չեն կարողանա յոլա գնալ․ համ էլ պալատում շարժվելու տեղ չկա՝ անընդհատ տանել֊բերելու համար։
Զ․