Home / Ազգային ժողով / Լրագրողների իրավունքների սահմանափակումը Սերժ Սարգսյանի որոշումն է

Լրագրողների իրավունքների սահմանափակումը Սերժ Սարգսյանի որոշումն է

Գործող իշխանության կողմից կառավարության նիստերը դռնփակ դարձնելն ուղղված է լրագրողների դեմ․ դա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հստակ ծրագրված քաղաքականություն է։ «Հոդված 3» ակումբում այսօր կայացած քննարկման ժամանակ նման կարծիք է հայտնել «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը։

«Ես այստեղ տեսնում եմ հստակ ծրագրված քաղաքականություն և այդ քաղաքականությունը գալիս է երկրի առաջին դեմքից։ Եթե վարչապետի հայտ ներկայացնող Սերժ Սարգսյանը որոշել է, որ իր մուտքը Կառավարություն պետք է սկսվի դռները փակելով, դա նշանակում է, որ քաղաքապետն ընդամենը ենթարկվում է։ Այդ հրահանգը շղթայաբար իջնում է ամենացածր օղակներ»,֊ ասել է Օհանյանը։

Օհանյանի խոսքով՝ լրատվական դաշտում աշխատելու հնարավորությունները տարեցտարի ռեգրես են ապրում։

«Մամուլի խոսնակներն, օրինակ, առաջ կարող էին լրագրողի հետ բանավոր զրուցել, հիմա գրեթե բացառապես գրավոր հարցումներ են պահանջում, ինչը բարդացնում է մեր աշխատանքը։ Երբ դիմում ես քրեակատարողական հիմնարկ՝ բանտարկյալի հետ խոսելու ցանկություն հայտնելով, ցինիկ պատասխան են տալիս, թե զբաղվածության պատճառով չենք կարող թույլ տալ, որ Ձեր լրագրողը մտնի քրեակատարողական հիմնարկ»,֊ ընդգծել է Օհանյանը։

Նրա պնդմամբ՝ նման բոլոր դեպքերը դատական քննության առարկա կարող են լինել, բայց լրատվամիջոցները հնարավորությունների տեսանկյունից այնքան զինված չեն և անգամ ժամանակ էլ չունեն մտնել այդ դատական գործընթանցների մեջ։

Քննարկմանը ներկա «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Աննա Հակոբյանի գնահատմամբ Հայաստանում այս պահին տեղի ունեցողը կարելի է կոչել «խոսքի ազատության բռնություն»։

«Հիմա մեթոդը փոխվել է, բիրտ ուժին փոխարինել է ավելի քաղաքակիրթ, ժողովրդավար մոտեցումը, որն իրականում ավելի վատ է։ Քանի որ եթե ինչ֊որ մեկը ծեծվում է, դա կարող է մասնագիտական ընդվզում առաջացնել, իսկ այս ճանապարհով շատերն անգամ շնորհակալ են, քանի որ շատ լրատվամիջոցներ առանձնապես չեն էլ ուզում աշխատել»,֊ ասել է Հակոբյանը։

Բանախոսների պնդմամբ՝ նրանք իշխանությունների հետ բանակցություններին դեմ են և առաջարկում են տարբեր լրատվամիջոցների խմբագիրների հետ քննարկում կազմակերպել՝ գտնելու այն բոլոր մեթոդները, անգամ ընդվզման, որոնք կարող են օգնել լրատվամիջոցների տեղեկատվությունն ազատ ստանալու իրավունքին։