Ընդդիմադիր քաղաքական գործիչ, «Հիմնադիր խորհրդարան» շարժման առաջնորդ, ղարաբաղյան պատերազմի մասնակից Ժիրայր Սեֆիլյանին չեն պարզաբանել՝ ինչ արարքի մեջ է ինքը մեղադրվում, ուստի իր համար պարզ չէ՝ ինչից ինքը պետք է պաշտպանվի։ Այս մասին այսօր պաշտպանական ճառում ասել է Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը։
Պաշտպանը նկատի ունի Սեֆիլյանի դեմ առաջադրված Քրեական օրենսգրքի 219֊դ հոդվածը, այն է՝ Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու փորձ։ Ըստ մեղադրանքի՝ Սեֆիլյանը նպատակ է ունեցել զավթել հեռուստաաշտարակը և Նուբարաշենի զորամասերը։
«Ասում են՝ նա ցանկանում էր դեկտեմբերի մեկին գրավել հեռուստաաշտարակը, բայց չի նշվում` ինչու չի արել: Ենթադրենք, պետք է գրավեր Նուբարաշենի զորամասերը մայիսի 30-ին և մինչև մայիսի 29-ը նախապատրաստական միջոցներ է ձեռնարկել, մայիսի 29-ին փոխել է մտադրությունը։ Կամովի հրաժարված անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության»,֊ ասել է Հայրապետյանը։
Բացի դա, նշված հոդվածում ասվում է, որ այն կիրառելի է այն դեպքերում, երբ զավթումը պետք է ուղեկցվի «այդ միջոցները ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքով», և գրավողը պետք է «պահանջներ» ներկայացներ պետությանը։
«Հոդվածը չի կարող առաջադրվել, եթե դրա հատկանիշներից ոչ մեկը չկա։ Մեղադրանքի համաձայն, Սեֆիլյանը պետք է օգտագործեր հեռտուստաաշտարակը ուղիթ եթերով քաղաքացիներին կոչեր անելու համար, հեռուսաաշտարակը ոչնչացնելու նպատակ չկա նյութերում։ Երկրորդ՝ չկա որևէ խոսք, թե Սեֆիլյանը պահանջներ է ներկայացրել»,֊ ասել է Հայրապետյանը։
Փաստաբանը նաև բողոքել է դատավարության ընթացքից։ Ըստ նրա՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը թույլ չի տվել քրեական հոդվածով մեղադրվող ամբաստանյալներին պաշտպանել իրենց։
«Քրեական գործերով պաշտպանական կողմը պետք է հնարավորություն ունենա իր առարկությունները և միջնորդությունները ներկայացնել։ Սակայն նախագահողն անհիմն հեռացնում էր նրանց, նիստերը հանգիստ շարունակում առանց 7 պաշտպանների և 6 ամբաստանյալների», ֊ ասել է Հայրապետյանը։
Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանի համար մեղադրող դատախազը պահանջել է 11 տարվա ազատազրկում: