Գումար հափշտակելու գործով դատապարտված HSBC բանկի նախկին աշխատակից Աշոտ Առուշանյանի գործով երկու բողոք է ուղարկվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որոնցից մեկն արդեն հաղորդակցվել է։
Առուշանյանը ներպետական ատյանների կողմից դատապարտվել էր 5.5 տարվա ազատազրկման, սակայն նա չէր ընդունում, որ կապ է ունեցել 2011թ. նոյեմբերի 21-ին «Մանանա գրեյն» ընկերության փոխտնօրեն Արմեն Մանուկյանի մեքենայից 56 միլիոն դրամ գումարի հափշտակելու հետ։ Նա պնդում է, որ իր դեմ միակ ցուցմունքը մեղադրյալ Արտաշես Գալուստյանի կողմից է եղել, ումից այն խոշտանգումով են կորզել, և օրեր անց նա ինքնասպան էր եղել իր տանը։ Գալուստյանի խոշտանգման մասին վկայել է նախկին քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը, ում խուց են բերել Գալուստյանին։ Նա Առաքելյանին ասել է, թե ոստիկաններն «արհեստական առնանդամը» ձեռքներին իրեն սպառնացել են, որ դրանով «կծեծեն, կնկարահանեն և կուղարկեն բերդ», եթե ցուցմունք չտա Առուշանյանի դեմ։ Առուշանյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը միջնորդել էր այդ խախտումներով ձեռք բերված ցուցմունքը չօգտագործել, սակայն դատարանը դա համարել է «արժանահավատ վարկած» և պահել գործի նյութերում։
Գալուստյանի մահից հետո քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով, սակայն որոշ ժամանակ անց կասեցվել է.
Առուշանյանը դիմել է Վերաքննիչ, ապա Վճռաբեկ դատարաններ։ Նրա ծնողները մի քանի անգամ նստացույց են անցկացրել նախագահական նստավայրի մոտ, սակայն վճիռը մնացել է անփոփոխ։ Աշոտ Առուշանյանը կրել է 5.5 տարվա ազատազրկումը։ ՄԻԵԴ դիմելով՝ նա պնդում է, որ իր նկակտմամբ խախտվել է արդար դատավարության իրավունքը։ Եթե ՄԻԵԴ-ը ճանաչի խախտումը, ապա քրեական գործը Հայաստանում պետք է վերաաբցվի։
Երկրորդ դիմումով Առուշանյանը վիճարկում է, որ դատաքննության ընթացքում ապօրինի է կալանքի տակ պահվել։
«Ամենակարևորն այս գործով այն է, որ բարձրացվում է հետևյալ հարցը․ այն գործերը, որոնք մտնում են դատարան, դատարանը անփոփոխ է թողնում նախաքննության մարմնի որոշումը՝ խափանման միջոցի մասին։ Անձը մնում է նախաքննության մարմնի որոշած կալանքի տակ՝ անորոշ ժամանակով։ Խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունները դատարանը չի քննակրում, Վերաքննիչ դատարանը չի ընդունում բողոքարկումները», – ասել է Լիպարիտ Սիմոնյանը։