Վարչական դատարանը մարտի 21֊ին կայացած դատական նիստի ժամանակ մերժել է «Փինք Արմենիա» կազմակերպության երկու միջնորդությունները, որոնք վերաբերվում էին ԼԳԲՏ թեմայով երեք գովազդային պաստառներն ապամոնտաժելուն։
Դատարանը քննում էր «Փինք Արմենիայի» հայցն ընդդեմ պաստառների ապամոնտաժման որոշումը կայացրած Երևանի քաղաքապետարանի, որը պարտադրել էր հանել պաստառները դրանք տեղադրած «Նուշիկյան ասոցիացիա» ընկերությանը։
«Միջնորդություններից մեկը վերաբերում էր «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանին։ Նրան ուզում էինք կանչել որպես վկա, քանի որ Ֆեյսբուք սոցիալական ցանցում իր գրառումը հուշում էր, որ նա տեղեկություններ ունի, թե որ քաղաքացիներն են դիմել քաղաքապետարանին ու բողոքել պաստառների առնչությամբ»,֊ Epress.am֊ին ասել է «Փինք Արմենիա»֊ի նախագահ Նվարդ Մարգարյանը։
Նրա խոսքով՝ մյուս միջնորդությունը վերաբերում էր «Նուշիկյան ասոցիացիա»֊ի գովազդային մենեջեր Գայանե Առուստամյանին։
«Նա որպես վկա կարող էր ներգրավվել և ասել, թե ի՞նչ հիմքով են ապամոնտաժվել պաստառները։ Բայց երկու միջնորդությունն էլ մերժվեցին՝ դատարանի կողմից՝ պատճառաբանվելով, որ տեղեկատվությունը, որը նրանք ներկայացնելու էին, այդքան էլ չի առնչվում դատավարությանը»,֊ նշել է Մարգարյանը։