Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հաղորդակցել է 14 քաղաքացիական ակտիվիստների և լրագրողների բողոքը Հայաստանի դեմ: Դիմումատուները պնդում են, որ Հայաստան պետությունը չի պաշտպանել իրենց անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքը, իրավական գնահատական չի տվել իրենց մասին խտրական հրապարակումներին մամուլում։ Կառավարությունն այժմ պետք է պատասխանի՝ արդյոք դիմողների իրավունքները խախտվել էին և արդյոք ներպետական դատարանները խնդրո առարկա հրապարակումների հեղինակ «Իրավունք» թերթի և դիմումատուների միջև վեճը լուծելիս սխալ է մեկնաբանվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։
ՄԻԵԴ դիմած 14 քաղաքացիների մասին «Իրավունք» թերթը հոդված էր հրապարակել «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերնագրով։ Նշելով 14 քաղաքացիների ֆեսբյուքյան էջերի հղումները՝ թերթը կոչ էր արել մարդկանց խուսափել «այդ լոբբիստների» հետ շփվելուց, գործատուներին՝ նրանց գործ տալուց, մեդիաներին՝ նրանց հարթակ տրամադրելուց, ուսումնական հաստատություններին՝ նրանց ուսումնական գործընթացներում ներգրավելուց։
«Սև ցուցակում» հայտնված անձիք 2014 թվականի հունիսի 16-ին դիմել էին առաջին ատյանի դատարան՝ պնդելով, որ թերթը չարաշահել է խոսքի ազատության իրավունքը և անցել է իրենց վիրավորելու։ Քաղաքացիները պահանջում էին ներողություն խնդրել պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար, հերքում տպել և իրենց 5 միլիոն դրամ վճարել որպես բարոյական վնասի փոխհատուցում։
Մինչ գործը հայաստանյան դատարանում էր, թերթը ևս 5 հոդված է գրել «Սև ցուցակի» որոշ անդամներց 5֊ի դեմ անհատապես։ Նույն թվականի հոկտեմբերի 5֊ին թերթի տնօրեն, ՀՀԿ֊ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանին և խմբագիր Հովհաննես Գալաջյանին մեդալ է շնորհվել երկրի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից։
Հինգ օր անց առաջին ատյանը վերադարձրել է «Իրավունքի» դեմ քաղաքացիների հայցը։ Դատարանը ոչ միայն մերժել է հայցը, այլ նաև պարտավորեցրել է քաղաքացիներին «Իրավունք» թերթին վճարել 150 հազար դրամ որպես փաստաբանի վճարի փոխհատուցում և նույնքան գումար բռնագանձել հօգուտ Հովհաննես Գալաջյանի։
2015 թվականի մարտի 5-ին Վերաքննիչ դատարանը ևս մերժել է դիմողների բողոքը։ Վճռաբեկը ևս չի ընդունել նրանց բողոքը և նրանք դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։