Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաղորդակցել է «Սասնա ծռեր» խմբի անդամ 60-ամյա Արամ Հակոբյանի բողոքը։ Հայաստանի Կառավարությունը պետք է պատասխանի՝ արդյո՞ք Հակոբյանը զերծ է խոշտանգումներից և կալանքի ընթացքում ստանում է անհրաժեշտ բուժօգնություն, արդյո՞ք հիմնավոր է Հակոբյանի նկատմամբ կալանք կիրառելը, արդյո՞ք Հակոբյանին չեն խոչընդոտել պաշտպանել իր իրավունքները։ Կառավարությունը նաև պետք է ներկայացնի դիմողի նկատմամբ 2016 թվականին կատարված դատաբժշկական փորձաքննության արդյունքները, որը բժիշկները հրաժարվում էին տրամադրել Հակոբյանին՝ դա անվանելով նախաքննական գաղտնիք։
ՄԻԵԴ-ի կայքը պատմում է Արամ Հակոբյանի առողջական պատմությունը։
Մինչ կալանավորվելը Արամ Հակոբյանը բուժվել է միզապարկի քաղցկեղի դեմ 2012 թվականին։ Այնունհետև նրա մոտ հայտնաբերվել է ուղեղի քաղցկեղ, ուռուցքը հեռացվել է։ Արդեն կալանքի տակ՝ 2016 թվականի հոկտեմբերին, Հակոբյանը դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել․ նրան ասել են, որ ուղեղի բջիջները մահանում են, սակայն եզրակացությունը հրաժարվել են տրամադրել։ Հակոբյանի պաշտպանը պահանջել է բուժում տրամարդել նրան, քանի որ վերջինս տառապում է հեմատուրիայով և հիշողության կորստով։ Քրեակատարողական հիմնարկից պատասխանել են, որ Հակոբյանի առողջական վիճակը բավարար է և նոր փորձաքննությունների կարիք չկա։
2017 թվականի փետրվարին Հակոբյանը չի կարողացել շարժել ոտքերը, նրան տեղափոխել են նախ Դատապարտյալների հիվանդանոց, ապա մասնագիտացված բուժհիմնարկ՝ ստուգումների․ հայտնաբերվել է ուղեղի սնուցման խնդիրներ։ Դիմողը նշում է, որ Դատապարտյալների հիվանդանոցում հատուկ բուժում չի ստացել։ Երեք օր անց՝ 2017 թվականի փետրվարի 11-ին Հակոբյանին տեղափոխել են ՔԿՀ։ Բանտում նրան ասել են, որ իրեն անհրաժեշտ դեղորայքը ինքը պետք է ձեռք բերի։ Հայցվորը նշում է, որ ինքը դա չէր կարող անել, բացի այդ, զրկված էր նաև հարազատներին տեղեկացնելու հնարավորությունից։ Հարազատների հետ հաղորդակցման արգելքը սահմանել էր քննիչը։
Հակոբյանը նշում է, որ իր մոտ սկսվել էր արյան ճնշման տատանումներ, սակայն դրա դեմ դեղամիջոցներ ևս ՔԿՀ-ն միշտ չէ, որ տալիս էր։ Մարտի 10-14-ը իր պաշտպանների հետ հանդիպումներին Հակոբյանը չէր կարողանում շարժվել և խոսել։ Նրա վիճակը գնալով վատացել է՝ բանտարկյալը մի քանի անգամ տեղափոխվել է Դատապարտյալների հիվանդանոց և հետ բերվել քրեակատարողական հիմնարկ։ 2018 թվականի հունվարի 18-ի գիշերը սկսել է շնչահեղձ լինել և օգնություն է ստացել խցակցից, քանի որ գիշեվա ժամերին ՔԿՀ-ում բժիշկ չկա։
Վերջերս Հակոբյանի պաշտպաններ Տիգրան Եգորյանը և Դավիթ Գյուրջյանը ՄԻԵԴ-ին հայտնել են, որ իրենց վստահորդը վատացել է նաև դատական նիստի ընթացքում։ Սակայն նրան շարունակում են մերժել և չեն տեղափոխում քաղաքացիական հիվանդանոց։