հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Կրթություն / ԵՊՀ֊ում ջնջում են ուսանողների գրառումները, դժգոհողին զրույցի են հրավիրում

ԵՊՀ֊ում ջնջում են ուսանողների գրառումները, դժգոհողին զրույցի են հրավիրում

Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը զրույցի է հրավիրել առաջին կուրսի ուսանողուհի, «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության անդամ Անի Հակոբջանյանին վերջինիս ֆեյսբուքյան գրառումից հետո։

«ԵՊՀ Ռեստարտ»֊ը տեսանյութեր էր հրապարակել, որում նախաձեռնության անդամները ԵՊՀ ծախսերի վիճակագրությունն էին ներկայացրել։ Անդրադառնալով տեսանյութին՝ համալսարանի պաշտոնական էջը «ԵՊՀ պատասխանը «վերլուծաբաններին»» վերատառությամբ գրառում է , որում, Անի Հակոբջանյանի գնահատմամբ, հեգնական հայտարարություն է արել տվյալները ներկայացրած ուսանողի մասին։ Հետագայում, երբ մի քանի ուսանողներ սկսել են մեկնաբանել ԵՊՀ֊ի Ֆեյսբուքում արված հրապարակումը, էջը մի շարք ուսանողների արգելափակել է, մեկնաբանություններն էլ հեռացրել։

Անի Հակոբջանյանը ԵՊՀ֊ի «Ֆեյսբուքյան վարքագիծը» մեկնաբանել է իր անձնական էջում՝ գրառման տեսքով, ինչից հետո դեկանը նրան հրավիրել է զրույցի և այն սկսել անձնական բնույթի հարցերով։

«Զրույցի սկզբում անձնական բնույթի հարցեր էր տալիս, թե որտե՞ղ է աշխատում մայրս, որտե՞ղ եմ ապրում, ո՞նց ենք ապրում։ Ասացի՝ վարձով բնակարանում և հարցրի՝ ի՞նչ կապ ունի։ Հետո հարցրեց՝ արդյոք սիրում եմ ԵՊՀ֊ն, ես ասեցի՝ ոչ։ Հակադարձեց, թե ինչու թղթերս չեմ վերցնում, գնում, պատասխանեցի, որ մթնոլորտը չեմ սիրում, բայց կան դասախոսներ, որոնց գնահատում եմ։ Ասաց՝ եթե սիրում եմ, կարող էի սիրելու մասին գրել», ֊ Epress.am֊ի հետ զրույցում ասել է Հակոբջանյանը։

Ուսանողի խոսքով՝ դեկանը ԵՊՀ֊ի մասին «վատ բաներ ասելը» որակել է որպես բուհի հեղինակության արժեզրկում։

««Դու վատ բաներ ես գրում ԵՊՀ֊ի մասին, վարկաբեկում, Մանկավարժական համալսարանը մարզերում ԵՊՀ֊ի մասին վատ բաներ է խոսում, որպեսզի իրենց դիմորդների թիվն ավելանա ու որպես փաստ կարող են մտնել քո էջ և տեսնել գրառումները»։ Ինչին ես պատասխանեցի՝ դա իմ խնդիրը չի, այլ ԵՊՀ֊ի և Մանկավարժական համալսարանի»։

Դեկանն ուսանողուհուն հարցրել է նաև՝ արդյոք ընտանեկան խնդիրների մասին նա բարձրաձայնում է, ինչին Հակոբջանյանը հակադարձել է․ «ԵՊՀ֊ն իմ ընտանիքը չէ»։

Ուսանողի պնդմամբ նա դեկանին ներկայացրել է բուհում առկա մի շարք խնդիրներ, որոնցից Արծրուն Ավագյանը սակայն իր մոտ նշել է գրադարանի հետ կապված մտահոգությունները՝ ավելացնելով նաև, որ «երկիրը ծանր վիճակում է»։

Դեպքից հետո, երբ մի շարք լրատվամիջոցներ գրել էին ուսանողի և դեկանի միջև տեղի ունեցած զրույցի մասին, ԵՊՀ ռեկտորի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը Factor.am֊ի հետ զրույցում դեկան Արծրուն Ավագյանի ուսանողուհուն զրույցի հրավիրելը մեկնաբանել էր հետևյալ կերպ․

«Ես կարող եմ միայն ենթադրել, որ հարգարժան պրոֆեսորը փորձել է հետաքրքրվել, թե ինչից է դժգոհում ուսանողուհին, որպեսզի հետագայում հաշվի առնի ուսանողուհու կարծիքը, սակայն ինչպես տեսնում ենք ուսանողուհու ֆեյսբուքյան գրառումից, նրան այնքան չի հետաքրքրում բուն բարեփոխումը, որքան շոուն»։

Epress.am֊ի թղթակցի հարցին, թե ինչպե՞ս է ուսանողուհին վերաբերվում Էմին֊Տերյանի մեկնաբանությանը, Հակոբջանյանը նշել է․

«Ես մինչև հիմա էլ իր մասին շատ լավ կարծիքի եմ եղել, վատ տրամադրված չեմ եղել, բայց որ ինքն ասել էր, որ ես շոու եմ անում, ինձ մի քիչ շատ հուզեց։ Ես ընդհանրապես շոուի բան չունեի և անգամ երբ իմ և դեկանի հանդիպման մասին գրեցի ֆեյսբուքյան էջում, ես ոչ մի ավելացումներ չեմ արել։ Ինձ նաև մտահոգում է, թե ով է իրեն ասել իմ գրառման մասին»,֊ եզրափակել է Անի Հակոբջանյանը։