Հայաստանում ապօրինի կուտակված կապիտալը պաշտպանելու նպատակով զավթվել է պետական ամբողջ համակարգը՝ օրենսդիր, գործադիր և դատական մարմինները, մենաշնորհվել է քաղաքական դաշտը, նեղ շրջանակների ձեռքերում են մեդիա և տնտեսական ոլորտները։ Գործող կարգը չի ապահովում մարդու` ազատության, արժանապատվության և երջանիկ լինելու անօտարելի իրավունքները, ստացվող արդյունքի արդար բաշխումը։ Այս մասին ասված է մի խումբ քաղաքացիների տարածած հայտարարության մեջ, որը բաց է միանալու համար։ Հայտարարության հեղինակները նշում են, որ պատրաստ են հանրայնորեն քննարկել ներկայացված առաջարկները։
«Մենք, ՀՀ ներքոստորագրյալ քաղաքացիներս, արձանագրում ենք, որ հռչակված նպատակները՝ ունենալ ինքնիշխան, իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետություն, իրականություն չեն դարձել։ Մենք չունենք արդար միջավայրում ու արժանապատիվ կյանքով ապրելու հնարավորություն։ Ըստ էության, զուրկ ենք մեր քաղաքացու ազատություններն ու հիմնարար իրավունքները կյանքի կոչելու, իրացնելու հնարավորությունից։ Անմասն ենք մնացել որոշումների կայացման գործընթացներին մասնակցելու մեր բացառիկ իրավունքից։
Արձանագրում ենք նաև, որ ապօրինի կուտակված կապիտալը պաշտպանելու նպատակով զավթվել է պետական ամբողջ համակարգը՝ օրենսդիր, գործադիր և դատական մարմինները, մենաշնորհվել է քաղաքական դաշտը, նեղ շրջանակների ձեռքերում են մեդիա և տնտեսական ոլորտները։ Գործող կարգը չի ապահովում մարդու` ազատության, արժանապատվության և երջանիկ լինելու անօտարելի իրավունքները, ստացվող արդյունքի արդար բաշխումը:
Վերոնշյալ խնդիրների լուծման ուղին տեսնում ենք սահմանադրական կարգ հաստատելու մեջ։ Մերժում ենք ձևավորված հանրային հարաբերությունները և առաջարկում ենք նոր հանրային պայմանադրություն, որը կբխի հանրության բոլոր շերտերի շահերից և սոցիումի համար ավելի արդար միջավայր ստեղծելու անհրաժեշտ նվազագույն հիմք կհանդիսանա․
– Անկախ և արդար դատական համակարգի ստեղծում
– Ընտրական նոր, արդյունքների հարցում որևէ մեկի մոտ կասկած չհարուցող մեխանիզմների ներմուծում
– Կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունում, որով կսահմանվեն, թե որ քաղաքական միավորներին ենք համաձայն անվանել կուսակցություններ
– Պետական համակարգի դեկապիտալիզացիայի մասին նոր օրենք, որը կսահմանի պետությանը հասցված վնասների փոխհատուցման պայմանով տնտեսական համաներում և այսուհետ կբացառի բիզնես ոլորտի ներկայացուցիչների մուտքը պետական կառավարման համակարգ։
– Որպես ուղիղ ժողովրդավարության տարրեր մշակել և ներդնել տեղական ու համապետական հանրաքվեների պարզ ընթացակարգեր և ստեղծել ընտրված պաշտոնյաների մանդատի հետկանչի մեխանիզմներ։
Այս ուղղությամբ ընթացող քաղաքական գործընթացների համար, որպես կազմակերպչական ձևերի սկզբունքային կետ, առաջարկում ենք ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որոնք կապահովեն յուրաքանչյուր ներգրավված քաղաքացու ազդեցությունը որոշումների կայացման վրա․ նպատակահարմար ենք համարում հրաժարվել մինչ այժմ գործած մի կենտրոնից որոշումներ կայացնելու պրակտիկայից։
Նշված կետերը կյանքի կոչելու վերաբերյալ ունենք մեր մոտեցումներն ու առաջարկությունները, որոնք պատրաստ ենք հանրայնորեն քննարկել։ Քաղաքական միավոր(ներ)ին, որը հանձն կառնի և պատասխանատվություն կստանձնի վարչական լծակներ տնօրինելու դեպքում իրագործել այս օրակարգը, հայտնում ենք, որ պատրաստ ենք ամեն կերպ աջակցել, մեր ունեցած բոլոր հնարավորությունները ներդնել ստեղծված վարչախումբը հեռացնելու և օրակարգն իրականություն դարձնելու գործում», ֊ ասված է հայտարարության մեջ։
Հայտարարության տակ ստորագրել են․
Կարպիս Փաշոյան, լրագրող
Վահե Գևորգյան, լուսանկարիչ
Գարեգին Միսկարյան, ձեռներեց
Վահագն Մինասյան, ֆիզիկոս
Միքայել Նահապետյան, ուսանող
Սարո Սարոյան, պատմաբան
Անտոն Իվչենկո, հանրային գործիչ
Դավիթ Պետրոսյան, ուսանող
Սուրեն Սահակյան, տնտեսագետ
Արամ Թարվերդյան, բանաստեղծ