«Լույս» հիմնադրամի միջոցով արտասհամանյան մի շարք հեղինակավոր բուհերում սովորող և սովորած 61 քաղաքացի բաց նամակով դիմել են Սերժ Սարգսյանին՝ հորդորելով հրաժարվել վարչապետի պաշտոնից։ Նշենք, որ հիմնադրամի գործադիր խորհրդի կազմում են Սերժ Սարգսյանը, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
«Լինելով աշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներ` մենք հանդիսանում ենք ժամանակակից գիտելիքի և ազատ մտքի կրողներ և հետևաբար վստահ կարող ենք ասել, որ ներառական բնույթի քաղաքական ու տնտեսական հաստատություններ չունեցող մեր երկրում, իշխանության բարձրագույն պաշտոնը մեկ անձի կողմից երրորդ անգամ զբաղեցնելը` անկախ հանգամանքներից, վտանգում են ժողովրդավարությունն ու բազմավարությունը, ինչը իր հերթին գալիս է նսեմացնելու հասարակությունում արդարության և հանդուրժողականության սկզբունքները: Կոչ ենք անում, չգնալ ձեր խոստմանը հակառակ և հետ կանգնել իշխանությունը, մասնավորապես` ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու Ձեր քայլից: Սրանով Դուք մեծ ներդրում կատարած կլինեք Հայաստանի` որպես ժողովրդավարական պետության կայացման հարցում», – ասված է նամակում:
Կրթաթոշակառուները նաև իրենց աջակցությունն են հայտնել այս օրերին Երևանում և Հայաստանի տարբեր քաղաքներում անցկացվող ցույցերի մասնակիցներին․ «Մեր համակրանքն ենք հայտնում ցուցարար ուսանողներին և հորդորում ենք ուսումնական հաստատությունների ղեկավարներին զերծ մնալ նրանց նկատմամբ ճնշումներ կիրառելուց, իսկ ՀՀ ոստիկանությանը` ուժ չկիրառել փողոց դուրս եկած մեր հայրենակիցների նկատմամբ: Նրանք և մենք բոլորս պայքարում ենք ավելի լավ Հայաստանի համար»։