հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Կրթություն / Ոստիկանությունը պատանդ է վերցրել դասադուլ անող արտաշատցու քեռուն

Ոստիկանությունը պատանդ է վերցրել դասադուլ անող արտաշատցու քեռուն

Արտաշատ քաղաքի թիվ 1 դպրոցում «Կրոնի» ուսուցչուհի Նաիրա Մեժլումյանը ապտակել է դասադուլ անող երեք տասնյակ 9-րդ դասարանցիներից մեկին։ Աշակերտի քեռին գնացել է դպրոց և պատից փոխել Սերժ Սարգսյանի նկարը, ինչից հետո տնօրեն Թինա Մարգարյանի սուտ ցուցմունքով քեռու նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ իբր նա հարվածել է տնօրենին։

Տղամարդը երեկվանից պահվում է Արտաշատի ոստիկանության բաժնում, հեռախոսն անհասանելի է։ Տուժած երեխայի և քեռու անունները առայժմ չենք հրապարակում՝ նրանց իսկ խնդրանքով։

Դեպքի մանրամասները փոխանցել է ընտանիքի մեկ այլ հարազատ․ «Երեկ դրպոցի դեմ դասադուլ անողներին նախ ասել են «դուք դեռ քննություններ պետք է հանձնեք, էս ինչ եք անում»։ Հետո իմ հորաքրոջ տղային Մեժլումյանը հարվածել է այնքան ուժեղ, որ մատերի տեղը մնացել է նրա դեմքի վրա։ Մի ծնող ասել է՝ ինչու եք ապտակում, ուսուցիչը պատասխանել է՝ «քո երեխա՞ն է, որ սիրտդ ցավաց»։ Ու դա տեղի է ունեցել ոստիկանների ներկայությամբ։

Երեխաներին փակել են դպրոցում և ծնող են կանչել։ Շեշտել են, որ պետք է գնան անպայման հայրերը։ Հայրերը գնացել են, նրանցից մեկն ասել է տնօրենին՝ երբ եղավ 88-ի երկրաշարժը մենք կարողացանք դուրս գալ դպրոցից, հիմա Աստված չանի, եթե երկրաշարժ լինի․․․ ինչո՞ւ եք երեխաներին փակել։ Տնօրենը ցույց տալով գլխավերևում կախված Սերժ Սարգսյանի նկարը ասել է, որ հրամանը վերևից է։ Եկածներից մեկը պոկել ու դուրս է նետել պատկերը, ասելով, որ էստեղ պետք է լիներ Արարատ Գոլեցյանի նկարը (Արարատ Գոլեցյանը ազատամարտիկ է, ում անունով էլ կոչվում է այդ դպրոցը): Հետո նրա դեմ քրեական գործ են հարուցել, թե իբր ինքը խփել է տնօրենին և իբր նրա քթից արյուն է եկել։ Դա սուտ ցուցմունք է, և դա արել են միայն նրա համար, որ ապտակի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումը հետ վերցնենք։ Ոստկանություն հաղորդում տալուց էլ ասել են՝ ամոթ չեք անում մի ապտակի համար բողոք եք գրում», – պատմել է մեր զրուցակիցը։

Նշենք, որ եկեղեցու պատմության ուսուցչուհի Նաիրա Մեժլումյանը  նախկինում քրեական հետապնդումների է ենթարկվել՝ Արտաշատի բնակիչներից եկեղեցու համար 5000 դրամներ հավաքելու համար։