Տարբեր համալսարանների մի շարք ուսանողներ այսօր ԵՊՀ֊ից մեկնարկած երթից հետո հավաքվել էին Արամ Խաչատրյանի արձանի մոտ՝ քննարկելու Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում առկա խնդիրները։
Ամենակարևոր հարցը՝ ուսանողները պնդել են, որ պետք է սկսվի բուհերի ապակուսակցականացման գործընթացը։
«Համալսարանի ղեկավար կազմը կուսակցական չպետք է լինի և դա չի վերաբերում միայն Հանրապետական կուսակցությանը, այլ բոլոր կուսակցություններին։ Մյուս կետը՝ ուսխորհուրդների ղեկավար կազմում պետք է լինեն անկուսակցական քաղաքացիներ։ Այսօր, օրինակ, մեզ Գյումրիից զանգեցին և ասացին, որ Գյումրիի պետական համալսարանում ռեկտորը ուսանողներին և դասախոսներին սպառնում է։ Այսինքն` այն հաղթանակը, որ տոնել ենք, այդ հաղթանակը պետք է պահպանվի և ուսանողներն ու դասախոսները տեղային պայքար պետք է մղեն կամ պետք է փորձեն պահպանել հաղթանակը»,֊ Epress.am֊ի հետ զրույցում ասած «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը։
Պետրոսյանի խոսքով՝ ուսանողների ոտքի կանգնելն ու իրենց բողոքն արտահայտելու խթանիչ ուժն անկախության սերնդի ներկայացուցիչ լինելով է պայմանավորված․ «Այն բողոքը, որը կար ամբողջ հասարակության մոտ, կար նաև ուսանողների մոտ։ Ուսանողները կարողացան արագ ինքնակազմակերպվել և սա 3֊րդ Հանրապետության անկախ սերունդն է, ով չի ապրել նաև ԽՍՀՄ֊ի ժամանակ։ Կարծում եմ՝ երիտասարդների մոտ ազատության, անկախության տենչն ավելի ուժեղ է և մենք կաշկանդված չենք տարբեր լծակներով»։
Բուն քննարկումից առաջ տարբեր բուհերի ուսանողները խումբ֊խումբ առանձնացել և քննարկում էին այն խնդիրները, որոնք առկա են հատկապես իրենց բուհերում։ Այնուհետև բաց քննարկման ժամանակ յուրաքանչյուր բուհից մեկ ուսանող ներկայացնում էր առանձնացված խնդիրները՝ հետագայում ընդհանուր լուծումներ գտնելու նպատակով։
«Մենք բոլորս ուզում ենք սովորել այնպիսի համալսարանում, որտեղ ուսանողին գնահատում են, նրա իրավունքները չեն ոտնահարում։ Մենք ուզում ենք, որ կոռուպցիան վերանա մեր համալսարանից և լինեն թափանցիկ ընդունելության քննություններ։ Ուզում ենք սովորել մի համալսարանում, որտեղ գնահատում են քո խելքը, ոչ թե՝ համալսարանում բարեկամ ունենալը»,֊ քննարկմանն ասել է ուսանողուհիներից մեկը, որը սովորում է Մանկավարժական համալսարանում։
Մեկ այլ ուսանող՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանից, խոսել է կոռուպցիոն ռիսկերից․ «Դասախոսների ցածր աշխատավարձերը բերում է կոռուպցիայի մեծացմանն ու դասախոսների աշխատելու ցանկության նվազմանը։ Մենք ցանկանում ենք, որ մեր դասախոսները որակյալ կրթություն տան մեզ, բայց երիտասարդ կադրերը չեն գալիս, քանի որ 80֊100 հազար աշխատավարձը շատ քիչ է»։
Ուսանողների կարծիքով՝ բուհերը չպետք է այլևս հարկատու լինեն, ուսխորհուրդները պետք է ֆինանսավորվեն ոչ թե ՀՀԿ֊ի Երիտասարդական հիմնադրամից, այլ Կրթության և գիտության նախարարությունից։ Համալսարաններում պետք է լինեն թեքահարթակներ սայլակների համար, սանիտարահիգիենիկ վիճակը պետք է բարելավվի, անհրաժեշտ է փոխել գնահատման համակարգը, դասախոսներն առանց ուսանողների գիտության չպետք է գնահատականներ նշանակեն, մարտական հերթապահություն իրականացրած երիտասարդները պետք է կարողանան առանց որևէ խնդրի օգտվել զեղչային համակարգից։ Նշենք, որ ուսանողների քննարկմանը մասնակցում էին նաև դասախոսները։
Մանրամասները՝ տեսանյութում․