ՀՀԿ-ական խոշոր օլիգարխներ, ԱԺ պատգամավորներ Սամվել Ալեքսանյանին և Արտակ Սարգսյանին պատկանող «Երևան սիթի» (Տիգրան Մեծ պողոտա) և «ՍԱՍ» (Երիտասարդկան) սուպերմարկետների մուտքերն այսօր փակել են մի քանի տասնյակ քաղաքացիներ։ Նրանք կոչ են արել խանութ ներս մտնող հաճախորդներին բոյկոտել օլիգարխների բիզնեսը, առևտուր չանել և հիշեցրել սեփականատերերի ՀՀԿ֊ական կենսագրությունը։
«Սերժ Սարգսյանի հեռացումից հետո նրա հենարան օլիգարխիկ համակարգը փորձում է պահպանել Հայաստանում զավթված իշխանությունը։ Մեր պայքարը եղել է և շարունակում է մնալ այդ համակարգի դեմ։ Հայաստանի ժողովրդի միջոցով և ժողովրդի հաշվին շահույթ ունեցող օլիգարխներն այսուհետ պարտավոր են լսել ժողովրդի ձայնը։
Անցել են ընտրակեղծիքի ու ընտրակաշառքի, «պապայի» ու «կռիշների», ստվերային գործարքների ու ամենաթողության ժամանակները։ Հայաստանում գործող բիզնեսը պետք է հաշվի նստի Հայաստանի ժողովրդական պահանջի և փոփոխության կարիքի հետ։ Օլիգարխիկ սիստեմը այլևս պետք է վերանա, իսկ ներկայիս պայքարի շրջանակներում պարտավոր է չմիջամտել և համաժողովրդական հաղթանակը չդարձնել քաղաքական առևտրի առարկա։
Խորհրդարանում մայիսի 1-ին պետք է հնչի ժողովրդի ձայնը․Նիկոլը ժողովրդի աջակցությունը վայելող՝ ժամանակավոր կառավարության վարչապետն է», – ցուցարարներն ընթերցել են իրենց ուղերձը։
Քաղաքացիները հիշեցրել են, թե ինչպես էր 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ գրուպ»֊ի աշխատակիցներին սպառնում էին ազատել աշխատանքից՝ պահանջելով ձայներ բերել իրենց ընկերության սեփականատիրոջը։
Ակցիայի ընթացքում հնչեցրել են նաև հետևյալ կոչերը․
ՀՀԿ-ի վերջը եկել ա
Օլիգարխիայի վերջը եկել ա
Իշխանությունը մերն ա
Իշխանությունը ժողովրդինն ա
Ընտրի՛ Նիկոլին, դու՛րս արի ստվերից
Ո՛չ սպառնալիքներին, ո՛չ բռնությանը, ո՛չ աղքատությանը
Անվախ, արդար Հայաստան
Ո՛չ շահագործմանը, այո՛ արդարությանը
Գործադուլ
Բոյկոտեք
Միացեք
Աշխատանք, իրավունք, արժանապատվություն
Epress.am֊ի թղթակիցը հայտնում է, որ սուպերմարկետների այցելուները հիմնականում չէին դժգոհում և, տեսնելով փակ մուտքը, հեռանում էին։ Եղել են, սակայն, մի քանի դեպքեր, երբ մարդիկ պահանջել են բացել մուտքը, սակայն ակցիայի մասնակիցները չեն գնացել դրան և բացատրել են իրենց գործողությունների պատճառները։ Միայն մեկ դեպքում՝ Տիգրան Մեծ պողոտայի վրա գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ մի կին, հրելով ակցիա անցկացնող երիտասարդներին, ներս է մտել։ Սուպերմարկետների աշխատակիցները ոչ մի կերպ ակցիայի մասնակիցներին չեն խոչընդոտել։
«Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ քաղաքացիական հագուստով ոստիկաններ են մոտենում ակցիայի մասնակիցների և կոչ արել թույլ տալ առևտուրը՝ ասելով, որ աշխատակիցների աշխատավարձը կախված է բիզնեսից։ Ակցիայի մասնակիցներն ընդգծել են, որ ակցիան հենց բիզնես ոլորտը մենաշնորհած օլիգարխիայի դեմ էր, որի պատճառով էլ ենթակայեցվում և շահագործվում են աշխատողները։
Բացի դա, «Երևան Սիթի» են եկել մի մեքենայով ոստիկաններ, որոնց ակցիայի մասնակիցներն ասել են, որ ապօրինի հրաման կատարելու փոխարեն՝ ոստիկանները պետք է արժանապատիվ գործեն և զբաղվեն ընտրակեղիծիքներ կազմակերպած, ընտրակաշառք բաժանող և օրերս ցուցարարին քացի տված օլիգարխ, «Երևան Սիթիի» սեփականատեր Սամվել Ալեքսանյանի հանցանքները բացահայտելով։ Բացատրությունները լսելուց հետո ոստիկանները հեռացել են խանութի մոտից։