Մի քանի տասնյակ ուսանողներ այսօր շարունակում են նախորդ շաբաթվա վերջին սկսված Շիրակի Պետական համալսարանի ռեկտոր, ՀՀԿ֊ական Սահակ Մինասյանի դեմ բողոքի ակցիաները։ Ուսանողները և նրանց միացած երկու նախկին դասախոսներ՝ Հովհաննես Խորիկյանը և Գագիգ Համբարյանը, պահանջում են, որպեսզի Մինասյանը հրաժարվի ռեկտորի պաշտոնից։
Բուհի տարբեր ֆակուլտետներից ուսանողները ելույթ են ունենում համալսարանի մուտքի մոտ՝ ներկայացնելով Մինասյանի կատարած ապօրինությունների ցանկը՝ իրենց խոսքն ավարտելով «ամոթ» և «հեռացիր» վանկարկումներով։ Մինասյանին մեղադրում են կոռուպցիայի և հովանավորչության մեջ։
Նշենք, որ դեռևս 2017 թվականի սեպտեմբերի 25-ին ՇՊՀ֊ի դասախոսներ Հովհաննես Խորիկյանը և համալսարանի մեկ այլ դասախոս Գագիկ Համբարյանը բաց նամակով դիմել էին ՀՀ նախագահին, նամակ էր հղվել նաև ԿԳՆ նախարար Լևոն Մկրտչյանին։ Խորիկյանը նամակում նկարագրել էր, թե ինչպես է Մինասյանը «կործանում բուհը»։ Ի պատասխան՝ ռեկտոր Սահակ Մինասյանը դասախոսներին 2018֊ի մարտին առանց զգուշացման ազատել էր աշխատանքից։
Սահակ Մինասյանը երկար տարիներ եղել է ՀՀԿ֊ի Շիրակի կառույցի ղեկավար, Սերժ Սարգսյանի՝ Գյումրու նախընտրական շտաբի պատասխանատու։