Ամերիկայի Միացյալ Նահանգները շնորհավորում են Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոյերթի տարածած հայտարարության մեջ։
Պետքարտուղարությունն ակնկալում է սերտորեն համագործակցել նոր կառավարության և Հայաստանի ժողովրդի հետ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առևտրային հարաբերությունների ընդլայնման, ինչպես նաև աշխատել ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման, տարածաշրջանային և գլոբալ անվտանգության ապահովման հարցերի շուրջ։
Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար սըր Ալան Դանքընը:
«Ուրախ եմ, որ Հայաստանում քաղաքական իրավիճակը հանգուցալուծվել է բանակցությունների և խորհրդարանական գործընթացի միջոցով և շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի նոր վարչապետ ընտրվելու կապակցությամբ։
Շնորհիվ բոլոր ներգրավված կողմերի՝ վերջին երեք շաբաթների ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները ծավալվեցին խաղաղ ճանապարհով և հիմնականում առանց միջադեպերի:
Կարևոր է, որ բոլոր կողմերի ցուցաբերած զսպվածությունը և հմուտ կառավարումը շարունակվի, և քաղաքական գործընթացն առաջ ընթանա՝ հիմնվելով ամուր սահմանադրական և իրավական հիմքերի վրա…
…Միացյալ Թագավորությունը, որպես Հայաստանի վաղեմի բարեկամ, պատրաստ է աջակցել ժողովրդավարության ամրապնդման, լավ կառավարման և հավասար տնտեսական հնարավորությունների բարելավման իր ջանքերին», – մասնավորաբար, նշել է Ալան Դանքընը:
Նշենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանին շնորհավորել էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին։