Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը վստահեցրել է կաթի մթերման գնի անկման դեմ բողոքող անասնապահներին, որ գինը նույնը կմնա։
«Արժանին պիտի մատուցենք այն տնտեսվարող ընկերություններին, որոնք, լսելով փոխվարչապետի հորդորը, գնացին զիջման, հայտարարեցին, որ այս ամսվա ընթացքում կաթի գինը կմնա նույնը: Ես հիմա ի լուր բոլոր գյուղացիների հայտարարում եմ այս մասին և խնդրում եմ դադարեցնել փողոցի փակման միջոցով նման հարցերի բարձրացումը, որովհետև այս կառավարությունը հասանելի է։ Խնդրանքս է դիմել մեզ օրենքի սահմաններում և ձեր խնդիրներին կփորձենք օպտիմալ լուծում գտնել», ֊ ասել է Սուրեն Պապիկյանը։
Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզում մոտ 22 գյուղի բնակիչներ նախորդ ուրբաթ փակել էին միջպետական ճանապարհը՝ բողոքելով իրենցից կաթ գնողների կողմից գինն իջեցնելու դեմ։
Այսօր Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղի բնակիչներից մեկը Epress.am֊ին ասել է, որ կաթը սկսել են մթերել լիտրը 150 դրամով, մինչդեռ բողոքից առաջ այն իջեցրել էին 120-130֊ի։
«Սենց էլ մնա, էլի յոլա կգնանք»,֊ ասել է մեր զրուցակիցը։