հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Կրթություն / Շիրակի պետհամալսարանի ՀՀԿ֊ական ռեկտորը հրաժարականի դիմում է ներկայացրել

Շիրակի պետհամալսարանի ՀՀԿ֊ական ռեկտորը հրաժարականի դիմում է ներկայացրել

Շիրակի պետհամալսարանի (ՇՊՀ) ՀՀԿ֊ական ռեկտոր Սահակ Մինասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին նա այսօր հայտնել է լրագրողների հետ զրույցում։

«Մեր մոտ ինստիտուցիոնալ խնդիրներ կան, և եթե չլինեին այդ խնդիրները, ամեն ինչ իրավական դաշտ կտեղափոխվեր»,֊ ասել է Մինասյանը։

Ամիսներ շարունակ բուհի դասախոսական անձնակազմն ու ուսանողները պահանջում էին, որ Սահակ Մինասյանը հրաժարական տա։ Դեռևս 2017 թվականի սեպտեմբերի 25-ին դասախոսներ Հովհաննես Խորիկյանը և Գագիկ Համբարյանը բաց նամակով դիմել էին ՀՀ նախագահին, նամակ էր հղվել նաև ԿԳՆ նախարար Լևոն Մկրտչյանին։ Խորիկյանը նամակում նկարագրել էր, թե ինչպես է Մինասյանը կործանում բուհը՝ մեծ գումարներ մսխելով բուհի բյուջեից։ Ի պատասխան՝ Սահակ Մինասյանը դասախոսներին 2018֊ի մարտին առանց զգուշացման ազատել էր աշխատանքից։

Բուհում ամիսներ տևող խնդրին վերջ դնելու նպատակով՝ այսօր ՇՊՀ էր այցելել նաև Կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը։ Վերջինս նշել է, որ լինելու են ռեկտորի նոր ընտրություններ։

Երեկ ՇՊՀ֊ի խորհրդի նախագահ ՀՀԿ֊ական Ֆելիքս Ցոլակյանը համալսարանի կառավարման նոր խորհուրդ ձևավորելու նպատակով հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ նշելով․ «Շիրակի պետական համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ տարբերակը համարում եմ համալսարանի ռեկտորի նոր ընտրությունների կազմակերպումը»։

Սահակ Մինասյանը երկար տարիներ եղել է ՀՀԿ֊ի Շիրակի կառույցի ղեկավար, Սերժ Սարգսյանի՝ Գյումրու նախընտրական շտաբի պատասխանատու։