Իր 25-ամյա որդու սպանությունը պարտակելու մեջ մեղադրելով՝ Գյումրիի բնակիչ Ռուզաննա Ադանալյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դեմ։
Կինը դիմումը ներկայացրել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) վարչություն, որտեղ նրան զգուշացրել են, որ այդպիսի դիմումներին ընթացք է տալիս ինքը՝ գլխավոր դատախազը։ Ռուզաննա Ադանալյանը հաղորդումն արդյունավետ քննելու համար պահանջել է դիմումն ուղարկել Ազգային անվտանգության ծառայություն։
Դիմումատուն հույս ունի, որ փոխված քաղաքական իրավիճակը պետք է բարենպաստ ազդեցություն ունենա դատաիրավական համակարգի գործունեության վրա, քանի որ փոխվել է Արդարադատության նախարարը, ոստիկանապետը և վարչապետը։
Ադանալյանը պնդում է, որ որդին խմբակային սպանության զոհ է դարձել, սակայն քննիչներն ու դատախազները կոծկում են կատարվածը։ Կինը մի քանի անգամ ցանկացել է գործի հանգամանքները գլխավոր դատախազին ներկայացնել, սակայն վերջինս միշտ հրաժարվել է ընդունել իրեն։
«Այս վարչությունում բազմիցս տվել եմ հաղորդումներ գործը հսկող դատախազի դեմ, Արթուր Դավթյանի կողմից պարտակվել են որդուս սպանության դրվագները և մոտիվները։ Հիմա Դավիթյանը պատասխան է տալու, քանի որ ինքն է պարտակել»,֊ լրագրողներին ասել է Ադանալյանը։
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն Արտյոմ Ադանալյանի սպանության մեջ մեղավոր է ճանաչել միակ մեղադրյալին՝ Արթուր Մարտիրոսյանին և դատապարտել 11 տարվա ազատազրկման։
Ադանալյանը համոզված է` որդու խմբակային սպանությունը պատվիրված էր իր հետ վարչական վեճ ունեցող չինովնիկ, վաշխառու Լուսինե Գինոսյանի կողմից։