ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօրն չի ընդունել բանակում ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների ծնողներին, չնայած երեկ ՀՀ դատախազության քարտուղարության պետ Ռոման Սմբատյանը նրանց հանդիպման էր հրավիրել։ Դատախազությունում պատճառաբանել են, թե հանդիպումը չի կարող կայանալ Դավթյանը աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով։ Փոխարենը, ծնողներին առաջարկել էին խոսել Դատախազության աշխատակից Գայանե Գասպարյանի հետ։
2010 թվականին Հադրութի զորամասերից մեկում մահցած Արթուր Ղազարյանի ծնողներն ու նրանց ներկայացուցիչ, ռազմական փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը հրաժարվել են խոսել Գասպարյանի հետ։
«Մենք ունենք մեկ պահանջ, որպեսզի Ղազարյանի մահվան հարցով քրեական գործը վերաբացվի։ Մենք համաձայն չենք նախաքննության մարմնի կեղծ վարկածի հետ, թե Արթուր Ղազարյանի գլխում կայծակնային արագությամբ ուռուցք է առաջացել, և նա կայծակնային արագությամբ մահացել է։ Նախաքննող մարմինը չի ուսումնասիրել Ղազարյանի գլխի վրա առկա վնասվածքները և չի կատարել դատաբժշկական փորձաքննություն։ Մեր պահանջը դատախազը գիտի, եթե նա նպատակ ունենար վերաբացել այս գործի քննությունը, այդ կարևոր հայտարարությունն ինքը կաներ մեզ հետ, ոչ թե մեզ կուղարկեր ինչ֊որ այլ աշխատակցուհու մոտ։ Այլ հարցի քննարկում մենք չունենք, ու Գասպարյանին հանդիպել չենք ցանկանում»,֊ ասել է ռազմական փորձագետը։
Ծնողներին ավելի է բարկացրել այն, որ Դատախազության աշխատակից Խաչիկ Հովակիմյանը թույլ չի տվել ներկա ԶԼՄ֊ների ներկայացուցիչներին տեսանկարահանել և լուսանկարահանել ծնողների և պաշտոնյաների վեճի վերածված զրույցը Դատախազության շենքի միջանցքում։ Թե ինչո՞ւ չի կարելի նկարահանել հարցին՝ Հովակիմյանը հղում է արել ինչ֊որ փաստաթղթի վրա, որին ևս ծանոթանալ թույլ չի տվել և հորդորել է դիմել իրենց մամուլի խոսնակին։