Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարվել է, որ Մովսես Հակոբյանը կազատվի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից։ Այդ լուրը Կառավարության բակում հավաքված խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողները ուրախությամբ են ընդունել՝ ասելով, որ նաև Հակոբյանի գիտությամբ են տարիներ շարունակ կոծկվել իրենց որդիների սպանությունները։ Մովսես Հակոբյանը 2007-ից 2015 թթ․ զբաղեցրել է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարի պաշտոնը։
«Ղարաբաղում ինչքան սպանություններ լինում է, Մովսես Հակոբյանը «կռիշ» էր կանգնում․ փողերը վերցնում է և գործը կոծկում է․․․ Դրան ոչ թե պետք է հանեն աշխատանքից, այլ բերեն հրապարակ, Ղարաբաղում ինչքան մահացած տղաների ծնողներ կան գան այդտեղ [նրան տեսնեն]․․․», -ասել է 2010 թվականին մահացած Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը։ Արման Մուրադյանի հայրը՝Հովսեփ Մուրադյանը, որը տարիներ շարունակ պնդում է, որ որդին ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ նրան սպանել են, Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ Մովսես Հակոբյանի պաշտոնից ազատումը ևս մեկ հույս է տալիս, որ իր որդու գործը արդար կքննվի։
Մուրադյանը պնդում է, որ 201ձ֊ին Մովսես Հակոբյանը պաշտոնական կեղծիք է արել՝ տեղեկանք տրամադրելով, թե իր որդու՝ Արման Մուրադյանի համածառայակիցները Ռազմական ոստիկանությունում պահվել են 10 օր։ Հովսեփ Մուրադյանի խոսքով՝ իրականում նրանք պահվել են 43 օր։
Ինչպես մեզ հետ զրույցում նշել է Մուրադյանի ներկայացուցիչ, փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը, Ռազմական ոստիկանությունում զինվորներին այդքան ժամանակ պահելու պատճառը մեկն է՝ ճնշումներ գործադրելով կորզել այն ցուցմունքը, որը հարկավոր է քննությանը։
«Մովսես Հակոբյանը որպես Պաշտպանության նախարար, պետք է շահագրգռված լիներ, որպեսզի քննությունը լիարժեք ընթանար և իրական մեղավորները պատժվեին, մինչդեռ նա նման վարքագիծ չէր ցուցաբերում, բացի դա նման տեղեկանք էր տալիս», ֊ ասել է Մարտիրոսյանը։
Մովսես Հակոբյանի անունը կապվում է մեկ այլ աղմկահարույց դեպքի հետ։ 2015 թվականին Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում մահացած զինծառայող Հարություն Համբարյանի հարազատները պնդում են, որ իրենց որդու սպանությունը չի բացահայտվել նաև այն պատճառով, որ նա սպանվել է խմբի կողմից, որի անդամներից մեկը Մովսես Հակոբյանի ազգականն է՝ «չաստ նայող» Սասուն Հակոբյանը։