Դատական համակարգում չեն հասկացել, որ երկրում շատ բան է փոխվել և շարունակում են ապօրինություններ գործել։ Այս մասին Epress.am֊ի թղթակցի հետ զրույցում ասել է Երևանի բնակիչ Արև Խաչատրյանը, որն ամուսնու հետ պատրաստվում էր բողոք հանձնել ՀՀ վարչապետի ընդունարան։
Կինը պատմել է, որ 2017-ի հոկտեմբերին վարկով ավտոմեքենա է գնել և սկսել օգտագործել այն։ Նա պնդում է, որ գնման գործարքը օրինական է եղել և բոլոր փաստաթղթերը ունի։ Կինը և նրա ամուսինը նպատակ են ունեցել մեքենան տալ վարձակալության և շահույթ ստանալ։ Անսպասելիորեն, կնոջ խոսքով, Գյումրիի բնակիչ Արմեն Գաբրիելյանը դիմել է ՀՀ Քննչական կոմիտե՝ պնդելով, որ մեքենան իրեն է պատկանում։ Քննչական կոմիտեն որոշել է կարճել գործը՝ հանցակազմի բացակայության պատճառով, և գույքը թողնել Արև Խաչատրյանի տիրապետման տակ։ Գաբրիելյանը, իր հերթին, դիմել է դատարան, որից հետո ԴԱՀԿ մարմինները Խաչատրյանի համար անսպասելիորեն մեքենան տարել են հարկադիր կատարման տարածք՝ հնարավորություն չտալով օգտագործել այն։ ԴԱՀԿ աշխատակիցները նրան տեղեկացրել են, որ դա կատարվել է Երևանի դատարանի Արաբկիր և Քանաքեռ֊Զեյթուն վարչական շրջանների նստավայրի դատավոր Սիմիզար Հովսեփյանի որոշման հիման վրա։
«Հիմա մենք վճարում ենք վարկի տոկոսները, բայց չենք կարողանում օգտագործել գույքը։ Դա անընդունելի է։ Քանի որ մեր փաստաթղթերը օրինական են, անկախ նրանից, որ գործը քննության մեջ է, մեզ պետք է թույլ տային օգտագործել այն», ֊ ասել է Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ իրենք բազմաթիվ միջնորդություններ են ներկայացրել դատարան՝ խնդրելով թույլ տալ օգտագործել գույքը, սակայն մերժվել են։ Խաչատրյանն ընդգծում է, որ մինչ Արաբկիր և Քանաքեռ֊Զեյթունի նստավայր դիմելը Գաբրիելյանն իրենց դեմ դիմում էր ներկայացրել Աջափնյակի նստավայր, որտեղ գործն ընդունել էին վարույթ, սակայն իրենց գույքից չէին զրկել։
«Ըստ օրենքի՝ իրավունք չկա նույն հայցով երկու դատարան դիմել, բայց նա տարատեսակ ձևերով կարողացել է դա անել», ֊ ասել է Խաչատրյանը։
Նա նշել է նաև, որ ուսումնասիրել է Դատական տեղեկատվական համակարգի datalex.am կայքը և պարզել է, որ Գաբրիելյանը տարբեր հայցեր ունի Հայաստանի մի քանի դատարաններում։
Բողոքող կինը ասել է, որ հայցվորը նաև չի ներկայանում դատական նիստերին, ինչի պատճառով էլ դրանք անընդհատ հետաձգվում են, իսկ իրենք, փաստորեն, զրկվում են մեքենան վերադարձնելու իրավունքից։
«Մեր սեփականության իրավունքը խախտվել է։ Մենք չենք ասում, որ պարոն վարչապետը հրահանգ կամ ինչ֊որ կարգադրություն տա [դատավորին]։ Ուղղակի խնդրում ենք, որ ուշադրություն դարձնեն, որ դատական ատյաններում քաղաքացիների իրավունքները շարունակվում են լիարժեք ոտնահարվել», ֊ ասել է կինը։