Հունիսի 6-ին Լեռնային Ղարաբաղի իշխող վերնախավում լայնածավալ փոփոխություններ են տեղի ունեցել։ Պետնախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո այդ պաշտոնում է նշանակվել ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը։ Պաշտոնը լքած ոստիկանապետ Կամո Աղաջանյանի փոխարեն նշանակվել է Իգոր Գրիգորյանը, իսկ ԱԱԾ պետ Արշավիր Ղարամյանին փոխարինել է Սամվել Շահրամանյանը։ Նշենք, որ հենց ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի հրաժարականն էին պահանջում նախորդ շաբաթ Ստեփանակերտում անցկացված ցույցերի մասնակիցները։
Երեկ առավոտյան իրավիաճակը Ղարաբաղում որոշակիորեն սրվել էր․ մասնավորապես, ընդդիմադիր գործիչ, քաղաքագետ, Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության վարչության անդամ Տիգրան Գրիգորյանը հայտարարել էր, թե լուրեր կան՝ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը ցանկանում է հեռացած պետնախարար Արայիկ Հարությունյանի փոխարեն նշանակել Արշավիր Ղարամյանին։ Նման նշանակման դեպքում, պնդել էր Գրիգորյանը, երկիրը ռազմական հեղաշրջման ճանապարhով կգնա։ Ավելի ուշ Գրիգորյանը Ֆեյսբուքում գրել էր․ «Արշավիր Ղարամյանի պետնախարարի պաշտոնում նշանակվելու լուրը դեռևս չի հաստատվում։ Սպասենք հետագա զարգացումներին»։
Օրվա երկրորդ կեսին արդեն Բակո Սահակյանը պետնախարարի, ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի նշանակումներ էր արել, որից հետո Տիգրան Գրիգորյանը հետևյալ գրառումն էր արել․ «Ուժայինների պլանները տապալվեցին Երևանի միջամտությունից հետո: Ամենավատ սցենարը կյանքի չկոչվեց: Ժամերի ընթացքում Նիկոլ Փաշինյանն այս իրավիճակում պոտենցիալ պարտվածից հաղթող դարձավ: Կարծում եմ՝ Գրիգորի Մարտիրոսյանը հանրության համար ընդունելի կերպար է, բայց եթե իշխանությունները շարունակեն հին ոճով աշխատել, նրանք դատապարտված են լինելու պարտության»։