Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին իր միջնորդությունը քննարկելու օրակարգով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու համար: Դատախազությունը հայտնում է, որ իրավապահ մարմինները ձեռք են բերել Գրիգորյանի կողմից իրեն մեղսագրվող հանցանքի կատարումը վկայող ապացույցների բավարար համակցություն։
Դրան զուգահեռ այսօր ԱԺ-ում կայացած ճեպազրույցների գլխավոր թեման Մանվել Գրիգորյանն էր։ ՀՅԴ, «Ծառուկյան դաշինք» և ԵԼՔ խմբակցության պատգամավորներն իրենց կարծինքներն են հայտնել Գրիգորյանի տանը և ամառանացում երեկ կատարված աղմկահարույց բացահայտումների մասին։ ՀՀԿ֊ի ներկայացուցիչներից և ոչ մեկը չի ներկայացել ճեպազրույցներին։
ՀՅԴ֊ական պատգամավոր Արմեն Ռուստամյանին նախ և առաջ մտահոգում է, թե «սա տեսնելով ադրբեջանցիներն ինչ հրճվանքի մեջ կլինեն»․
«Ես շատ ավելի մեծ վտանգներ եմ տեսնում, թե ադրբեջանական համայնքն ինչպիսի հրճվանքի մեջ կհայտնվի։ Եվ փորձի այս ամեն ինչը օգտագործել․․․ ինչպես պետք է վարկաբեկեն հերոսներին։ Դա մեծ ցավ է։ Խայտառակություն և ամոթ է, եթե այս ամեն ինչը ապացուցվեց․․․Ցնցված ասելը շատ քիչ է․․․Բայց ես կարծում եմ, որ իհարկե մենք պետք է կարողանանք այնպես չանել, որ փորձ արվի մեր թշնամիների կողմից ներկյացավի իրենց հաճելի լույսի տակ»։
ԵԼՔ պատգամավոր Էդմոն Մարուքյան
«Ապրիլյան պատերազմի օրերին մենք ունեցել ենք ոստիկանություն, ազգային անվտանգություն, Պաշտպանության նախարարություն, մարմիններ, որ համակարգել են օգնություն ստանալը, ուղղորդել և բաշխելը։
Չեմ կարծում, որ միայն պարոն Գրիգորյանը պետք է պատասխան տա այս ամենի համար։ Շտապ օգնության մեքենան ասեղ չի, որ մի տեղ պահես, և իմացող-թաքցնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն»։
ԵԼՔ պատգամավոր Ալեն Սիմոնյանը վստահեցրել է, որ շուտով «նոր բացահայտումների ականատես կլինենք»։
«Մանվել Գրիգորյանի մոտ հայտնաբերված զենքը մի փոքր բանակի զենք էր։ Այնտեղ կար անգամ տանկ խոցելու զենք։ Այն պարագայում, երբ ապրիլյանի ժամանակ առաջնագծում եղել են դեպքեր, երբ զինվորները զոհվել են փամփուշտ չունենալու պատճառով։ Մենք գիտենք, որ զենքը բավականին թանկ բան է և կարող էր վաճառքի առարկա դառնալ»։
«Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը և Գևորգ Պետրոսյանը կարծիք են հայտնել, որ այս ամենը չպետք է ավարտվի մեկ անձով, և պետության միջոցների հաշվին ապրողները պետք է պատասխանատվության ենթարկվեն։
Հարցին, թե արդյոք «Ծառուկյան դաշինքը»-ն իրեն ինչ-որ չափով մեղավոր է զգում ժամանակին ՀՀԿ-ին սատարելու համար, Էնֆիաջյանը պատասխանել է, թե դեռ այն ժամանակ, երբ իրենք տեսել են՝ ինչ քաղաքականություն է տարվում, ընդդիմադիր դիրք են գրավել։
Ավելի վաղ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ֊ական Էդուարդ Շարմազանով, Ազատության ռադիոկայանի հետ զրույցում նշել էր, որ սա իր համար անակնկալ էր։
«Ամենախիստ գնահատականին արժանի արարք է։ Ես բազմաթիվ անգամ նշել եմ, որ զինվորի փայ գողացողը, բանակից մի հատ լումա վերցնողը ամենախիստ բացասական գնահատականին է արժանի, անկախ նրանից մի հատ նասկի կգողանա զինվորից, թե մի տոննա տուշոնկա։ Առնվազն ես նման տեղեկություն չեմ ունեցել։ Ես նույնիսկ պետբյուջեից մի լումա գողանալն եմ համարել դավաճանություն ․․․ Եթե պարզվի, որ այդ ամենն իրականությանը համապատասխանում է, կարծում եմ՝ դրան արդարացում չկա։ Ով ուզում է անի։ Այն, ինչ հրապարակվեց մտահոգիչ է, և միևնույն ժամանակ կա անմեղության կանխավարկած, մենք չենք լսել դեռ մյուս կողմին՝ Գրիգորյանների կողմին։ Հետևենք գործի նախաքննությանը, տեսնենք ինչ է պարզվում»։
Հիշեցնենք, որ ԱԱԾ հրապարակել էր տեսանյութ՝ նկարահանված Գրիգորյանի ամառանոցում և առանձնատանը, որտեղ հայտնաբերվել էր զինվորի համար նախատեսված մթերք, բինտեր, հագուստներ, ինչպես նաև մեծ քանակությամբ զենք-զինամթերք, սեփականության տասնյակ վկայականներ, 3 ավոտպարկ՝ թանկարժեք մեքենաներով, անձնական գազանանոց։ Մանվել Գրիգորյանը ձերբակալված է։