Հունիսի 20-ի առավոտյան Լեռնային Ղարաբաղի իրավապահ մարմինները խուզարկություն են արել Պաշտպանության բանակի զորամասերից մեկին (Դաշկեսան) հարակից` «Արա Լեռ» կոչվող տարածքում գտնվող ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատանը: Այս մասին հայտնում է ՀՀ Հատուկ Քննչական Ծառայությունը։
«Խուզարկությամբ հայտնաբերվել են «Զինվորի բաժին» մակագրությամբ մեծ քանակությամբ մսի պահածոներ, ծխախոտ, զինվորական ներքնահագուստ և արտահագուստ, հիգիենայի պարագաներ, վիրակապեր, բենզին, ինքնաձիգի մեծ քանակությամբ փամփուշտներ՝ 7,62 և 5,45 մմ տրամաչափերի», -նշված է հաղորդագրության մեջ:
Քրեական գործի շրջանակներում ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալվել է Գրիգորյանի բարեկամ Ա. Հ.-ն:
Ոստիկանությունն այսօր հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ երեկ՝ հունիսի 19-ին, խուզարկություն է կատարվել նաև «ԵԿՄ Ավան» գրասենյակում, որի նախագահը 54-ամյա Պետրոս Ա․-ն է։
«Ավան-Առինջի թիվ 7 նախկին մանկապարտեզի տարածքում գործող «ԵԿՄ Ավան» տարածքային բաժանմունքում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր տրամաչափի 7 փամփուշտ, ինքնաձիգի օպտիկական սարք, զինվորական կիսաթև 65 շապիկ, զինվորական 5 սվիտեր և «TAMAR MENTHOL» գրառմամբ 500 տուփ ծխախոտ», -նշված է հաղորդագրության մեջ։
Խուզարկություն է կատարվել նաև Պետրոս Ա.-ին պատկանող Ավան 10-րդ փողոցում գտնվող տանը։ Այնտեղ, ըստ ոստիկանության, հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի «Բայկալ» տեսակի ատրճանակ՝ փամփշտատուփում 8 փամփուշտով, «Վեպր» որսորդական հրացան՝ օպտիկայով, 12 տրամաչափի «Սարսիլմազ» հրացան, 5.6 մմ տրամաչափի «ՏՕԶ 8» հրացան, «Կարաբին» 7.62 մմ տրամաչափի հրացան, հրացանի 3 խզակոթ, 1 հատ թուր՝ ընդհանուր 72 սմ երկարության, շեղբը 52 սմ երկարության և 3.7 սմ լայնության, 1 հատ սվին դանակ, օդաճնշիչ 3 հրացան, 5.6 մմ տրամաչափի 612 փամփուշտ, 7.62 մմ տրամաչափի 20 փամփուշտ՝ 2 պահունակով, որսորդական տարբեր տրամաչափի 105 փամփուշտ, 1 պահունակ 8 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտներով, սպայական 29 վերնաշապիկ, զինվորական 14 սվիտեր և ական որոնող 1 սարք։
Հիշեցնենք, որ օրերս ԱԱԾ հրապարակել էր տեսանյութ, որը նկարահանվել էր ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ ղեկավար Մանվել Գրիգորյանի ամառանոցում և առանձնատանը։ Իրավապահները հայտնաբերել են զինվորի համար նախատեսված մթերք, բինտեր, հագուստներ, ինչպես նաև մեծ քանակությամբ զենք-զինամթերք, սեփականության տասնյակ վկայականներ, 3 ավոտպարկ՝ թանկարժեք մեքենաներով, անձնական գազանանոց։ Մանավել Գրիգորյանը կալանավորված է։