Պայթյունի հետևանքով 2017 թվականի նոյեմբերի 4-ին մահացած Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայող Հրանտ Մանգասարյանի գործով մեղադրանք է առաջադրվել զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ Ա.Գրիգորյանին։ Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն։
Պայթյունը գրանցվել էր զորամասի ծառայության պահեստում, որտեղ աշխատանքներ են կատարել Մանգասարյանը, պահեստապետ, պայմանագրային զինծառայող Գևորգ Հյուսնունցը և պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սերգեյ Ալումյանը։ Մանգասարյանը մահացել էր, իսկ մյուս երկուսը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էին ստացել:
Այսօրվա պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ Ա.Գրիգորյանը իր ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, ինչն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Նրա նկատմամաբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (Անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ):
«Մասնավորապես՝ մայորը, խախտելով զորամասի պահեստում սպառազինության և ռազմամթերքի պահպանման կարգը, այն է՝ իրավունք չունենալով ծառայության պահեստ ընդունել վերջնական մարտական վիճակի բերված ՌԿԳ-3 տեսակի հակատանկային կումուլյատիվ նռնակները, 2016 թվականի ռազմական գործողություններից հետո այդպիսիք ընդունել և պահել է պահեստում, որից հետո անմիջապես չի զեկուցել ըստ վերադասության։
Բացի այդ, անտեսելով պահեստում ցանկացած տեսակի զինամթերքի քանդման, մասնատման, տեխնիկական տեսակի որևէ աշխատանքներ կատարելու արգելքը՝ 2017 թվականի նոյեմբերի 4-ին նույն ծառայության պահեստապետ, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Հյուսնունցին հանձնարարել է նշված նռնակները բերել ոչ մարտական վիճակի և դասավորել արկղերում, և սա այն դեպքում, երբ զուգահեռ նույն պահեստում սպառազինության տեխնիկական սպասարկման, մաքրման և դարսակման աշխատանքներ են կատարել շուրջ 10 այլ զինծառայողներ…
…Արդյունքում՝ նույն օրը՝ ժամը 11:50-ի սահմաններում, նշված պահեստ են մուտք գործել ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Հրանտ Մանգասարյանը և Սերգեյ Ալումյանը, ովքեր Գ.Հյուսնունցի հետ միասին մասնակցել են նռնակների քանդման աշխատանքին։ Դրա ընթացքում` ժամը 12:00-ի սահմաններում, տեղի է ունեցել հակատանկային նռնակի պայթյուն, ինչի հետևանքով մարմնի տարբեր մասերում ստացած պայթյունաբեկորային վիրավորումներից Հրանտ Մանգասարյանը տեղում մահացել է, իսկ պահեստապետ, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Հյուսնունցը, ինչպես նաև ժամկետային զինծառայող Սերգեյ Ալումյանն ստացել են կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ», -նշված է հաղորդագրության մեջ: