Home / Շուկա / Ոսկու շուկայի տերն ուզում է վարձակալողների հաշվին շինարարություն անել

Ոսկու շուկայի տերն ուզում է վարձակալողների հաշվին շինարարություն անել

Խորենացի փողոցում գտնվող «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնի մոտ չորս տասնյակ աշխատակիցներ այսօր բողոքի ցույց էին կազմակերպել` պահանջելով վերանայել իրենց տաղավարների համար գանձվող վարձավճարների չափը։ Նախորդ բողոքի ժամանակ` 2014 թվականին, կենտրոնի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը կոտրել էր բողոքողների սեղանիկները։

Աշխատակիցներն ամիսներ շարունակ իրենց վարձակալած տարածքի համար վճարել են 35 հազար դրամ (50 սանտիմետրի համար), մինչդեռ պայմաններից դժգոհ են եղել։ Epress.am-ի հետ զրույցում շուկայի աշխատակիցներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, պատմեց, որ իրենք տուժել են հատկապես շուկայի տարածքի վերանորոգման աշխատանքների ընթացքում. «Մեր մուտքն ամբողջապես փակ է, եթե անգամ դուռը բաց է, ապա դեպի դուռ բերող ճանապարհը միշտ փակ է։ Միայն մոլորվածներն են այս մուտքով մտնում։ Նոյեմբեր ամսից սկսած մենք որևէ վաճառք չենք ունեցել, ամսվա մեջ ընդամենը մեկ-երկու կտոր ոսկի ենք վաճառել։ Սրահում մոտ 100 սեղան կա, և, եթե պայմանների բարելավում անեին, կհասկանայինք վարձակալության գնի բարձրացումն ինչով է պայմանավորված։ Սրահում անգամ պատուհան չկա, որ մարդիկ շնչեն»:

Աշխատակիցների խոսքով՝ այժմ «Ոսկու աշխարհի» տնօրինությունը որոշել է վարձավճարները բարձրացնել, քանի որ վերջինս Կառավարության հորդորով պատրաստվում են 20 տոկոս զեղչ անել վարձակալների համար։

«Ղեկավարությունը հայտնում է, որ զեղչում է 20 տոկոս, բայց մենք նախորդ ամիս վճարել ենք 35 հազար դրամ, և իր ասած տրամաբանության համաձայն, մեր վարձավճարը պետք է զեղչվի և հասնի 28 հազար դրամի։ Բայց մեզ մի բան էլ ասում են, որ վճարեք 40 հազար դրամ։ Այսինքն՝ զեղչում են 50 հազար դրամից, ոչ թե 35 հազարից», – ասել է մյուս աշխատակիցը, որը նույնպես չի ցանկացել ներկայանալ։

Նրանց պնդմամբ՝ իրենք տարածքի վարձակալության համար անցյալ տարի ճնշման տակ ստորագրել են պայմանագրեր, ըստ որոնց, պարտավորվում է վճարել 50 հազար դրամ․ «Նրանք մեզ ասել են, եթե չստորագրեք այս 50 հազարի պայմանագրերը, ուրեմն լքեք ձեր սեղանները։ Դա էր իրենց ուլտիմատումը։ Դրա համար էլ մարդիկ մի քանի ամիս առաջ ստիպված ստորագրել են այդ 50 հազարի պայմանագրերը, չնայած շարունակել են վճարել 35 հազար դրամ»։

Աշխատակիցները դժգոհում են, որ տնօրինությունն իրենց դրել է անելանելի վիճակում։ Շուկայում գործող հին և նոր տարածքներում վարձավճարները տարբեր են։ Նոր սրահի համար, որտեղ ելք ու մուտք անելը պոտենցիալ հաճախորդի համար հարմար է, վարձակալողները վճարում են 50 հազար դրամ, իսկ հին տարածքում վաճառք իրականացնողների համար վարձավճարը եղել է 35 հազար։ Հիմա երկու սրահների համար էլ տնօրինությունը ցանկանում է գանձել 40 հազար դրամ։

«Ինչ է նշանակում՝ ես չեմ տեղավորվում գումարի մեջ։ Նշանակում է աշխատողների հաշվին շինարարություն է անում։ Միևնույնն է դու արենդայով ես տալիս, քո գումարը հանելու ես։ Մենք ի՞նչ գործ ունենք քո շինարարության հետ։ Կամ երեկ հայտարարել են, եթե դուք չեք համաձայնում 40 հազար վճարել, ուրեմն դուք ամսի 1֊ով պետք է ազատեք տարածքը։ Ի՞նչ է նշանակում, գնացեք Ծառուկյանի մոտ։ Չեմ գնում»,֊ վրոդվված ասել է «Ոսկու աշխարհի» աշխատակիցը։

Հիշեցնենք, որ 2014 թվականին «Ոսկու շուկայի» սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ ակցիային մասնակցած աշխատողների սեղանները կոտրել էր և արգելել իր տարածքում առևտուր անել։ Epress.am֊ի հետ զրույցում Աբրահամյանն իր այդ վարքագիծը մեկնաբանել էր՝ «Պատժել եմ»։