Տարոն Մարգարյանի կողմից կատարված չարաշահումների մասին Հայ Ազգային Կոնգրեսը 2013 թվականին հաղորդում էր ներկայացրել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին։ Հաղորդումը մերժվել էր և նշվել, որ դիմումը ենթակա չէ քննարկման, «բովանդակային առումով այն հանցագործության կատարման մասին հաղորդման բնույթ չունի»։ ՀԱԿ-ն այսօր տարածած հայտարարության մեջ հույս է հայտնում, որ փոփոխված իրավիճակում դատախազությունը ավելի լուրջ կվերաբերվի իրենց կողմից ներկայացված փաստերին և այս անգամ կիրականացնի Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավասությունները:
Հաղորդման մեջ ՀԱԿ-ը, մասնավորապես, նշել էր, որ 2005 թվականին, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի, Տարոն Մարգարյանի և նրա ընտանիքի անդամների վերջին մեկ տարվա եկամուտը կազմել էր ընդամենը 7 միլիոն 392 հազար 841 դրամ:
2007 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ, կրկին ըստ ԿԸՀ ներկայացրած` սեփականության և եկամուտների մասին հայտարարագրի, վերջին մեկ տարում Մարգարյանի եկամուտները կազմել էին 64 միլիոն դրամ և 50 հազար դոլար։ Բացի դա, ըստ նույն փաստաթղթի, Ավանի թաղապետը 80 միլիոն դրամի եկամուտ է ունեցել ոսկյա իրերի, թանկարժեք քարերի իրացումից, ներառյալ, ինչպես ինքն է նշել, նվիրատվություններ է ստացել դրամական ձևերով:
«Այսինքն` թաղապետ աշխատելու տարիներին Տարոն Մարգարյանի ունեցվածքը միլիոններով է աճել։ Որպես թաղապետ, Տարոն Մարգարյանի աշխատավարձը կազմել է 130 հազար դրամ։
2005 թվականին, 27-ամյա Տարոն Մարգարյանը` ըստ նույն փաստաթղթերի, 157,9 քմ մակերեսով բնակարան ուներ Ավանի Սայաթ-Նովա թաղամասի 8-րդ շենքում։ Նույն փաստաթղթի համաձայն, Տ. Մարգարյանին էին պատկանում նաև Թումանյան փողոցի 22/20 շենքի 63, 64 և 65 բնակարանները։ Այսինքն` շենքի մի ամբողջ հարկ սեփականության իրավունքով Տ. Մարգարյանինն էր։
2007 թվականին ԿԸՀ ներկայացրած փաստաթղթի համաձայն, բոլոր այս սեփականությունները շարունակում էին պատկանել Ավանի թաղապետին։ Բայց այդ փաստաթղթից երևում է, որ երիտասարդ թաղապետը իր կարճատև պաշտոնավարման ընթացքում ոչ միայն հասցրել է բազմապատկել իր միլիոնները, այլ նաև` կրկնապատկել իր անշարժ գույքը։
Այսպես` Ավանի թաղապետը սեփականաշնորհել է Ավան համայնքի Բաբաջանյան փողոցում գտնվող մի հողակտոր, որտեղ երեք հարկանի դղյակ է կառուցում։ Ավանի թաղապետին են պատկանում նաև Արաբկիրի Վաղարշյան փողոցի վրա գտնվող` 820 քառակուսի մետր մի տարածք, «Ավան» առեւտրի կենտրոնը, Ավանի Աճառյան փողոցի վրա գտնվող` 3 հազար 729 քառակուսի մետր մի տարածք։ Տ. Մարգարյանը, ըստ իր կողմից ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի, Ավան համայնքում ունի 3 ավտոտնակ, բայց ոչ մի մեքենա չունի։ Ամբողջ իր այս ունեցվածքը հայտարարագրելիս՝ Մարգարյանը նշել է նաև, որ ժառանգության կարգով ստացված գույք չունի, ձեռնարկատիրական գործունեությունից ստացած եկամուտ չունի, նվիրատվության և օգնության կարգով ստացված գույք չունի և այլն։ Մի խոսքով՝ Ավանի թաղապետը, ըստ իր ներկայացրած փաստաթղթերի, ոչ մի կողմնակի եկամուտ չունի», ֊ նշված էր դատախազություն ուղարկված հաղորդման մեջ։
Մանրամասները՝ այստեղ։