Հայաստանում գործող 320 ընդերքօգտագործող 2018 թվականի հունիսի 5-ի դրությամբ պետության առջև ռեկուլտիվացիոն վճարների գծով ընդհանուր շուրջ 523 միլիոն դրամի չափով պարտավորություն ունի: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը՝ նշելով, որ տվյալ որոլտում ուսումնասիրություն է սկսել՝ անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները ստանալով ՀՀ բնապահպանության նախարարությունից։
«Չնայած ուսումնասիրությունները շարունակվում են, սակայն ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից հանձնարարվել է ձեռնարկել օրենքով սահմանված բոլոր միջոցները՝ պարզելու ընդերքօգտագործողների կողմից ռեկուլտիվացիոն վճարների գծով պարտավորությունների չկատարման պատճառները, պարտավորությունների կատարումից միտումնավորր խուսափելու հնարավոր մեխանիզմների առկայությունը, ինչպես նաև՝ իրավասու պետական մարմինների հետ ձեռնարկել գործուն քայլեր չվճարված միջոցները վերականգնելու ուղղությամբ:
Այդ համատեքստում, ՀՀ գլխավոր դատախազությունը նաև դիմել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը՝ ռեկուլտիվացիոն վճարների գծով չկատարված պարտավորությունների վճարումների ընթացքի և գանձման ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկատվությունն ստանալու համար: Դրանց վերլուծության արդյունքներից ելնելով՝ անհրաժեշտության դեպքում կկիրառվեն բոլոր միջոցները՝ ինչպես պարտավորությունների չկատարման պատճառներին իրավական գնահատականներ տալու, այնպես էլ միջոցների վերականգնման նպատակով պետական շահերի պաշտպանության հայցերի հարուցման գործընթաց ապահովելու ուղղությամբ», ֊ նշում է Դատախազությունը: