Երկու միջազգային փորձագետներ՝ ամերիկացի Էնն Մաեսթը և կանադացի Անդրե Սոբոլևսկին համարում են, որ «Լիդիան Արմենիա» ընկերության՝ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ներկայիս նախագիծը լուրջ ռիսկեր է պարունակում: ԱՄՆ-ում բնակվող ինժեներ Հարություն Բրոնոզյանի պատվերով «Լիդիան Արմենիայի» փաստաթղթերի հիման վրա անկախ հետազոտություն կատարած երկու արտասահմանյան փորձագետները մեկ շաբաթ Հայաստանում են, երեկ նրանք Ամուլսար են այցելել: Այցը տեսանկարահանվել է միայն «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից, որը հրապարակել է խմբագրված տեսանյութը Ֆեյսբուքում։ Տեսանյութի ուղեկցող տեքստը հրապարակվել է միայն հայերեն, թեև «Լիդիանի» բոլոր մյուս գրառումները ունեն անգլերեն տարբերակ։ Հայերեն տեքստում նշված է, որ թե՛ Մաեսթը, թե՛ Սոբոլևսկին ասել են, որ ճիշտ կառավարման մեթոդների կիրառման դեպքում Ամուլսարը կարող է անվտանգ շահագործվել: Այսօր հրավիրված հրատապ ասուլիսի ընթացքում փորձագետները պատմել են, թե ինչ են տեսել և քննարկե ընկերության ներկայացուցիչների հետ Ամուլսար կատարած այցի ժամանակ:
«Մենք շարունակում ենք պնդել մեր համոզմունքը, որ Ամուլսարի նախագիծը ունի մի քանի սերունդների կյանքի տևողությամբ թթվային դրենաժ առաջացնելու մեծ ռիսկ։ Թթվային դրենաժը վտանգի կենթարկի Արփա, Դարբ և Որոտան գետերն ու տարածքի բնական միջավայրը», – ասված է փորձագետների տարածած հայտարարության մեջ։
Epress.am-ը զրուցել է Էնն Մաեսթի և Անդրե Սոբոլևսկու հետ, և նրանք Ամուլսար կատարած այցի մասին այլ մանրամասներ են պատմել, որոնք «Լիդիան Արմենիան» նախընտրել է չհրապարակել։
Մասնավորապես, փորձագետներին ընկերության աշխատակիցներն ասել են, որ փոխել են իրենց ծրագրի այն մասը, որը կապված է դատարկ ապարներում թթվային դրենաժի առաջացմամ կանխման հետ, ինչը ծրագրի հիմնական ռիսկն է։ Եթե նախկինում «Լիդիանը» նշում էր, որ անելու է պատիճավորում (encapsulation), ապա այժմ այդ մտադրությունից հետ է կանգնել։
Պատիճավորման դեպքում թթու առաջացնող թափոնները շրջապատվում են թթուն չեզոքացնող ապարներով։
«Լիդիանը ունի թթու առաջացնող թափոնների 43000 նմուշներ, որոնք թթու չեզոքացնողներ չունեն։ Մենք ասացինք՝ տալիս եք սուլֆիդները, ո՞ւր են ձեր թթու չեզոքացնող նմուշները։ Ասացին՝ այդպիսիններ չկան Ամուլսարում։ Ես ապշած էի», – մեզ հետ զրույցում ասել է Մաեսթը։
Անդրե Սոբոլևսկին, իր հերթին, նշել է, որ այս նորությունը, ըստ էության, նշանակում է, որ «Լիդիանը» պետք է նոր Շրջակա միջավայրի ազդեցության գնահատում (ՇՄԱԳ) ներկայացնի Հայաստանի կառավարության դատին, քանի որ ընդունված ՇՄԱԳ-ում նշված է, թե պատիճավորում են արվելու ։
«Սա պարզապես նրբություն չէ, օրինակ, կանաչ մեքենաներ չենք գնի, այլ՝ կարմիր։ Սա ամբողջ ՇՄԱԳ-ի իմաստն է։ Ամենամեծ բնապահպանական ռիսկը թթվային դրենաժն է։ Եվ եթե թթվային դրենաժ առաջանա, այն կշարունակվի 200-500 տարի։ Սա հիմնասյունն է ՇՄԱԳ-ի», – ասել է Սոբոլևսկին։
Արդյոք Հայաստանի Բնապահպանության նախարարության և Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության համար սա առիթ է նոր ՇՄԱԳ պահանջելու. փորձագետները «Լիդիանի» հետ հանդիպումից հետո հարցրել են նախարարներին՝ Արթուր Գրիգորյանին և Էրիկ Գրիգորյանին։ Փորձագետների փոխանցմամբ՝ վերջիններս ասել են, որ կքննարկեն նոր ՇՄԱԳ պահանջելու հարցը։
Պատիճավորման փոխարեն՝ «Լիդիան Արմենիան» որոշել է թթվային դրենաժը կանխելու համար բիոցիդ, կիր և կաթ ավելացնել դատարկ ապարների լցակույտի մեջ։ Փորձագետները պնդում են, որ «Լիդիանը» այս փորձառարական մեթոդի արդյունավետության մասին պետք է ապացույցներ ներկայացնի, նման փորձի մասին իրենք տեղյակ չեն:
Էնն Մաեսթին զարմացրել է՝ ինչպես են «Լիդիանում» փորձարկում ապարների թթվայնությունը։ Նա ասել է, որ ընկերությունն ուսումնասիրում է ձվի մեծության քարի կտորներ, մինչդեռ թթվայնությունը չի արտահայտվում, եթե ապարը չի ջարդվում փոշու չափի։
«Իրենց մեթոդի կիրառելու դեպքում ՝ թթվայնության առաջացման ռիսկը խիստ թերագնահատված կլինի։ Կրկնենք, որ ռիսկի ճիշտ գնահատումը կարևոր է խնդիրը կանխելու համար», -ասել է Մաեսթը։