Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հայաստանի և Ղարաբաղի պետական և ռազմական գործիչ, խոշոր գործարար, ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ, «Արցախի հերոս» կոչումը կրող Արթուր Աղաբեկյանի դեմ։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հիմնադրամի միջոցներն առանձին դեպքերում ծախսվել են կանոնադրությամբ սահմանված նպատակներին ու խնդիրներին հակառակ։ Մասնավորապես, առանձնապես խոշոր չափերի գումարներ են ուղղվել տարբեր անձանց համար ռեստորաններում և հյուրանոցներում հյուրասիրություններ կազմակերպելու, հիմնադրամի հետ առնչություն չունեցող տրանսպորտային միջոցների համար պրեմիում տեսակի բենզին ձեռք բերելու, տարբեր անձանց թանկարժեք նվերներ մատուցելու համար։
«Առերևույթ չարաշահումներն արձանագրվել են 2012-2016թթ. ընթացքում, որոնց հետևանքով՝ վատնման եղանակով հիմնադրամին պատկանող միջոցներից հափշտակվել է, նախնական գնահատականով, 54 միլիոն 83 հազար 860 դրամ։ Քրեական գործով պարզվել է, որ նշված ժամանակահատվածում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է հանդիսացել Արթուր Աղաբեկյանը, ով ունեցել է հիմնադրամի աշխատակազմի գործունեությունն անմիջականորեն ղեկավարելու իրավասություն և փաստացի միանձնյա տնօրինել հիմնադրամի գույքը։ Բավարար տվյալներ են ձեռք բերվել նաև առ այն, որ հիմնադրամի միջոցների մի մասը ծախսվել են այն հանգստյան գոտու ռեստորանում հյուրասիրությունների կազմակերպման համար, որի բաժնետոմսերի 40 տոկոսը պատկանել է Արթուր Աղաբեկյանին», – նշված է ՔԿ-ի հայտարարության մեջ։ Արթուր Աղաբեկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը առնձնապես խոշոր չափերի)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Նշենք, որ տարիներ շարունակ լրագրողներն ու իրավապաշտպանները քննադատել են «Մարտիկ» հիմնադրամը՝ ընդգծելով, որ պարզ չէ, թե ում կամ ինչի համար են ծախսվում հավաքված գումարները։
Հիմնադրամի պաշտոնական կայքում քիչ տեղեկատվություն կա դրա գործունեության մասին։
Այսպես՝ «Մարտիկ»-ը հիմնադրվել է 2002 թվականին այն ժամանակ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, Արշեն (Տիգրան) աբեղա Սանոսյանը որպես Առաքելական եկեղեցու ներկայացուցիչ, ՀՀ Պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետ Սեդրակ Գերասիմի Սեդրակյանը, այն ժամանակ ՊՆ Արտաքին հարաբերությունների և ռազմական համագործակցության վարչության պետ Միշա Գվիդոնի Մելքոնյանը և Արթուր Աղաբեկյանը։
Կայքում նշված է նաև հիմնադրամի խնդիրը․ «Նպաստել ազգի հարատևությանը։ Ովքեր պատրաստ են մասնակից լինել այս սրբազան գործին՝ մի՛ հապաղեք, ովքեր հոգեպես պատրաստ են, ֆինանսապես` ոչ, մի՛ շտապեք, կամեցեք և կլինեք Մարտիկ»։ Մուտքի վճարի չափը սահմանվել էր 100 ԱՄՆ դոլար։
Հիմնադրամի մասնակից դառնալ ցանկացող անձը պետք է ընդամենը փոստով ուղարկեր լուսանկար և մասնակցության համար մուծված գումարի կտրոնը։ Մուտքի վճարի գումարն անձեռնամխելի է և կարող է օգտագործվել միայն Հայաստանի անվտանգությանն ու պաշտպանությանն սպառնացող վտանգի դեպքում՝ ՀՀ նախագահի, ՀՀ պաշտպանության նախարարի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հիմնադրամի նախագահի համաձայնությամբ։ «Մարտիկ» հիմնադրամի կանոնադրային նպատակներն են եղել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպայական կազմի կրթմանն ու վերապատրաստմանը, այդ բնագավառի նյութատեխնիկական բազայի հարստացմանը, ռազմական գիտության զարգացմանն աջակցելը, իսկ խնդիրներն են հանդիսացել կազմակերպչական, կրթական, բարեգործական, քարոզչական և այլ ծրագրերի մշակումն ու իրականացումը և այլն։
Բայց փաստորեն հիմնադրամի միջոցները հիմնականում օգտագործվել են նվերների և քեֆերի վրա։
Հիմնադրամի պաշտոնական կայքում առաձին «Քարոզիչներ» անունով բաժին կա։ Այնտեղ Արթուր Աղաբեկյանի կոչի ներքո ներկայացված են հիմնադրամի հիմնական քարոզիչները․ «Հարգելի հայրենակիցներ. յուրաքանչյուր ոք յուրովի է մասնակցում Հայրենիքի հզորացման գործին: Ես ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությունն են բերել «Մարտիկ» Հիմնադրամի կայացմանը: Ես ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր արդեն մասնակից են մեր ծրագրերին և իրենց անուններն ի ցույց են դրել «Մարտիկ» էլեկտրոնային հուշարձանում՝ ի ուրախություն մեր բարեկամների և ի տխրություն մեր թշնամիների: Գլուխ եմ խոնարհում այն անհատականությունների առջև, ովքեր իրենց քարոզչությամբ, օր-օրի, ավելացնում են Հիմնադրամի մասնակիցների թիվը»։
Մարտիկի քարզիչներից են օրինակ Արթուր Աղաբեկյանը, որի քարոզած մասնակիցների թիվը ամենաշատն է՝ 2202, Սեդրակ Սեդրակյան՝ 1347, Վլադիմիր Գասպարյան՝ 822, Գագիկ Ծառուկյան՝ 65։