ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018 թ.-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացնելու է դասընթացներ Հայաստանի Հանրապետությունում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների, զինծառայողների եւ նրանց հարազատների համար: Դասընթացները նպատակ ունեն իրազեկել նշված մարդկանց իրենց իրավունքների եւ պարտականությունների, տրամադրել տեղեկություններ վերջին ժամանակահատվածում իրականացված օրենսդրական փոփոխությունների մասին:
Դասընթացի ժամանակ մասնակիցները կծանոթանան նախազորակոչային, զորակոչային ժամանակահատվածի եւ զինվորական ծառայության ընթացքում իրենց իրավունքներին եւ պարտականություններին, զորակոչի գործընթացում ներգրավված մարմինների գործունեությանը, անհրաժեշտ ընթացակարգերին, մասնավորապես՝ զինվորական հաշվառման, ծանուցման, բժշկական հետազոտությունների, որոշումների կայացման, որոշումների հետ համաձայն չլինելու դեպքում բողոքարկման մեխանիզմներին եւ այլ հարցերի:
Դասընթացին եւ դրանից հետո անհրաժեշտության դեպքում մասնակիցներին կտրամադրվի իրավական եւ բժշկական խորհրդատվություն, հարկ եղած դեպքում կազմակերպության իրավաբանը կներգրավվի բողոքարկաման եւ դատական պաշտպանության գործընթացում, եթե քաղաքացիները համաձայն չեն իրենց պիտանիության վերաբերյալ կայացված որոշումների հետ:
Դասընթացները տեղի կունենան Լոռու, Շիրակի, Արագածոտնի, Արարատի, Կոտայքի եւ Տավուշի մարզերում: Յուրաքանչյուր քաղաքում տեղի ունեցող դասընթացների կոնկրետ օրերի մասին կտեղեկացնենք լրացուցիչ:
Դասընթացներին կարող են մասնակցել նշված մարզերի տարբեր քաղաքային եւ գյուղական համայնքներից զորակոչիկներ, զինծառայողներ կամ նրանց հարազատներ, որոնց կփոխհատուցվեն տրանսպորտային ծախսերը:
Դասընթացներին մասնակցելու համար կարող եք գրանցվել [email protected] էլեկտրոնային փոստին նամակ գրելու կամ /0322/ 4 22 68, 094 042268 հեռախոսահամարներով զանգահարելու միջոցով:
լուսանկարը՝ դասընթացների 1-ին փուլից
Զորակոչիկների և զինծառայողների իրավունքներին վերաբերող դասընթացները մարզերում կազմակերպելու համար անհրաժեշտ են կոնտակտային անձինք Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում։